Ազգային ժողովն այսօր միաձայն, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին իմ նախագիծը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն տնտեսվարողներին հնարավորություն է տալիս մինչեւ այս տարվա վերջ կատարվող ներդրումների համար օգտվել արագացված ամորտիզացիայի հնարավորությունից։

Հարգելի գործարարներ, եթե պլանավորել էիք ներդրումներ անել՝ սարքավորումներ ձեռք բերել, շինություններ ձեռք բերել կամ կառուցել, ապա այս տարվա երկրորդ կիսամյակը լավագույն ժամանակն է այդ ներդրումներն անելու եւ արագացված ամորտիզացիայի հնարավորությունից օգտվելու համար։

Հարկային օրենսգրքում ավելացված դրույթը.

2020 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի»: