2019 թվականին Հայաստանում եւ Արցախում զինծառայողների մահվան եւ զոհվելու դեպքերի թիվը կրճատվել է 63-ից մինչեւ 49: Այս մասին հունիսի 1-ին, Ազգային ժողովի նիստում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ դատախազության գործունեության մասին հաշվետվությունը ներկայացնելիս պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ զինծառայողների մահվան 49 դեպքից միայն 20-ն էր կապված ծառայության հետ, իսկ 29-ի պատճառներն այլ են եղել: 2018 թվականին եղել էր զինծառայողների մահվան 63 դեպք, որից 38-ը կապված էին զինվորական ծառայության հետ:

«Գրեթե կրկնակի կրճատվել է ադրբեջանական կողմից կրակոցների հետեւանքով զոհվելու դեպքերի թիվը, մեկ երրորդով կրճատվել է ինքնասպանությունների թիվը, այդ թվում՝ ինքնասպանության հասցնելու դեպքերի»,- հայտնեց Դավթյանը:

Ընդ որում՝ նա շեշտեց, որ 2020 թվականին ռազմական ոստիկանության առաջնահերթություններից է բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը: Գլխավոր դատախազի խոսքով՝ անհրաժեշտ է նաեւ հասնել սպայական կազմի վարքագծի փոփոխությանը: