ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ կբողոքարկվի որոշումը, որի համաձայն՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մինչեւ համաճարակի վերջ մնա «Իզմիրլյան» բուժկենտրոնում: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով՝ Քոչարյանի փաստաբանը հայց է ներկայացրել Վարչական դատարան: «Պահանջն այն է, որպեսզի մինչեւ արտակարգ դրության ռեժիմի գործողության ավարտը Քոչարյանը մնա բուժկենտրոնում: Սակայն տվյալ ակտը վերջնական չէ: Վարույթի կողմերն են պաշտպանն ու քրեակատարողական ծառայությունը: Որպես կանոն ոչ հստակ օրենսդրական կարգավորումների պատճառով դատարանները մեզ այդ մասին չեն ծանուցում: Սակայն ես համոզված եմ, որ դատախազը պետք է մասնակցի նման վարույթներում»,-ասաց Դավթյանը:

Նա նշեց, որ համապատասխան հայցի ապահովման միջոցը դեռ պաշտոնապես չի տրամադրվել դատախազությանը: Նա նաեւ հույս հայտնեց, որ հունիսի 1-ին կստանա դատական ակտ, կծանոթանա դրա հիմքերի հետ, եւ քրեակատարողական ծառայության գործընկերների հետ կքննարկի հետագա գործողությունները: