Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը դատարանում է, ուստի ակնհայտ է, որ որոշումներն ընդունում է դատարանը: Այս մասին հունիսի 1-ին Ազգային ժողովի նիստում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ իր ղեկավարած գերատեսչության գործունեության մասին հաշվետվությունը ներկայացնելիս պատասխանելով պատգամավորների հարցերին այն մասին, թե ինչ է անում դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերի հետաձգումը բացառելու համար:

Նա նշեց, որ Քոչարյանի գործը դատարանը քննում է արդեն մոտ մեկ տարի, եւ գրեթե ամեն դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացնում խափանման միջոցի փոփոխման մասին: «Նախկին նախագահի պաշտպանների այսպիսի վարքագիծը հստակ վկայում է պաշտպանության իրավունքի չարաշահման մասին: Մենք կարծում ենք, որ դատարանը բոլոր հիմքերն ունի այս փուլում վարույթը սահմանափակելու եւ դատաքննությունը սկսելու ու ապացույցները հետազոտելու համար»,- ասաց գլխավոր դատախազը: