Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տարեկան զեկույցի մեջ մտահոգություն է հայտնել, որ քննչական մարմինները քննչական գործողություններ իրականացնելիս հույսը դնում են օպերատիվ տեղեկատվության վրա եւ չեն օգտագործում քննչական գործողությունների ամբողջ գործիքակազմը։ Քննչական մարմինները դատավարության կողմերին չեն ներկայացնում իրենց ամբողջական իրավունքների եւ պարտականությունների մասին տեղեկատվություն։

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը Արթուր Դավթյանի հարցրեց, թե ինչո՞ւ դատախազությունը չի կարողանում արդյունավետ դատախազական վերահսկողություն իրականացնել այս հարցերի կապակցությամբ։

Երկրորդ հարցն էլ՝ ինչո՞ւ դատախազությունը ցուցումներ չի տալիս քննիչներին, որպեսզի ավելի արդյունավետ աշխատեն։

Արթուր Դավթյանն ասաց, որ այդ խնդիրը դեռ վաղուց առկա է. «Դատախազությունը նման յուրաքանչյուր դեպքում գործադրում է օրենքով նախատեսված իր բոլոր գործիքակազմը։ Եթե կայացվել է ապօրինի որոշում, ապա այդ որոշումները վերացվում են»։

Գլխավոր դատախազը շեշտեց, որ հազարավոր ցուցումներ են դատախազների կողմից տրվում հետաքննության, նախաքննության մարմիններին.

«Անբարեխիղճ կամ կարգապահական խախտում թույլ տված հետաքննության, նախաքննության մարմիններին պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվում նրանց վերադասներին»։

Անի Սամսոնյանն ասաց, որ վերջին ժամանակներում լինում են շատ հայտարարություններ, որոնք կարող են ոտնահարել մարդու անմեղության կանխավարկածի իրավունքը, որն էլ, ըստ պատգամավորի՝ արդեն դառնում է օրինաչափություն։ Պատգամավորը նշեց, որ ինքն Արթուր Դավթյանին երբեւէ չի լսել հայտարարություն, որ, օրինակ՝ գործի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության շահերից ելնելով դատապարտի դա։

Գլխավոր դատախազը պատասխանեց, որ հայտարարությունները, որոնք անմեղության կանխավարկածը կխախտեն, դրանց պետք է անդրադառնա արդեն դատարանը։

«Ականատես ենք եղել, որ դուք լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ եք գործադրել՝ տեղեկատվության աղբյուրի բացահայտման վերաբերյալ»,- հայտարարեց Անի Սամսոնյանը։

Արթուր Դավթյանն էլ ասաց, որ լրատվամիջոցի նկատմամբ որեւէ պարագայում, հատկապես իր կողմից, չի կարող ճնշում գործադրվել. «Մենք հարուցել եւ քննում ենք քրեական գործ՝ նախաքննության գաղտնիքը հրապարակելու վերաբերյալ, նախաքննական գաղտնիքն օրենքով պաշտպանվող ինստիտուտ է։ Այդ քրգործի շրջանակներում էլ տվյալներ են ձեռք բերվել լրագրողի կողմից այդ գաղտնիքը հրապարակելու մասով»։