Գաղտնիքը, որ պատել է «Օումուամուա» օբյեկտը օրեցօր ավելի ու ավելի տարօրինակ է դառնում։ Նոր հետազոտությունը ենթադրում է, որ միջաստղային օբյեկտը կարող է ջրածնային սառույցից պատրաստված լինել։ Ջրածինը ամենատարածված տարրն է տիեզերքում, սակայն այն հազվադեպ է հանդիպում պինդ վիճակում, հայտնում է Fox News-ը։

«Մենք մշակել ենք տեսություն, որը բացատրում է «Օումուամուա»-ի տարօրինակ հատկանիշները»,- հայտարարել է Ելի համալսարանի արվեստների եւ գիտության ֆակուլտետի աստղագիտության պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Գրեգորի Լաֆլինը՝ հավելելով․ «Մենք կարծում ենք, որ այն, հավանաբար, կազմված է ջրածնային սառույցից։ Դա օբյեկտների նոր տեսակ է, սակայն, կարծես, դրանք կարող են շատ լինել»։

Սիգարանման «Օումուամուա»-ն, որը առաջին անգամ հայտնաբերվել է 2017թ․, իր ձեւով, ինչպես նաեւ չոր մակերեւույթով առանձնանում է այն ամենից, ինչ հետազոտողները երբեւէ տեսել են նախկինում։

Հետազոտության մեջ նշվում է, որ մոլեկուլային ամպերի միջուկներում կա ջրածնի սառույց, որի համար անհրաժեշտ են չափազանց ցածր ջերմաստիճաններ: Մոլեկուլային ամպերը կազմում են աստղերի հիմքը, եւ հետազոտողները կարծում են, որ «Օումուամուա»- ն կարող էր պարունակել ջրածնի սառույց այն բանից հետո, երբ խորը տիեզերքում անցել է այդ մոլեկուլային ամպերից մեկի կողքով, ինչը կարող էր բացատրել դրա արագությունը:

Հնարավոր է, որ այդ «ջրածնային սառցաբեկորները» կամ «ջրածնային գիսաստղերը» կարող են ավելի տարածված լինել արեւային համակարգում, ինչը հետազոտողներին կարող է նոր տեղեկություններ հաղորդել այն մասին, թե ինչպես են ձեւավորվում աստղերն ու մոլորակները: