Հունիսի 1-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազանգը ՄԹ Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։
Նախարար Մնացականյանը շնորհավորեց Ուենդի Մորթնին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր կարեւոր առաքելության մեջ:
Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել հայ-բրիտանական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու եւ երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, մարդկանց միջեւ շփումների խթանման միջոցով:
Զոհրաբ Մնացականյանը եւ Ուենդի Մորթնը մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքով առաջացած մարտահրավերների եւ դրանց հասցեագրման ուղղությամբ ինչպես գլոբալ, այնպես ազգային մակարդակներով ձեռնարկվող քայլերի շուրջ: Միաժամանակ նախարար Մնացականյանը վերահաստատեց ՀՀ կառավարության պատրաստակամությունն առաջ ընթանալու նախաձեռնված լայնամասշտաբ բարեփոխումներով՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը:
Տեսազանգի ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային եւ տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները: