Նեւադայում 246 մլն տարի առաջ ապրած հղի դինոզավրի մնացորդներ են գտել։ Գտածոն հայտնաբերվել է Ավգուստի լեռներում՝ Մարտին Սանդերի գլխավորած գիտնականների խմբի կողմից, հայտնում է HighTech-ը՝ հղում անելով Phys.org-ին։

Մանցորդները գտնվել են հյուսիսային Նեւադայում, Ռենո քաղաքից 241 կմ արեւելք։ Դրանք եղել են Ավգուստի լեռներից մեկի լանջին՝ մոտ 1820 մետր բարձրության վրա։

Հետազոտողները հայտնաբերել են իխտիոզավրի ողնաշար՝ բնորոշ թեքությամբ, որը ցույց է տալիս, որ օվկիանոսում ապրող կենդանին մահվան պահին հղի է եղել։

Գտնված մնացորդները չեն համապատասխանում գիտությանը հայտնի իխտիոզավրերից ոչ մեկին։ Դրա հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ կենդանին, որին դրանք պատկանել են, նախկինում անհայտ տեսակի իխտիոզավր է։

Գիտնականները որոշել են, որ սողունը 246 մլն տարեկան է՝ սա հայտնաբերված ամենահին իխտիոզավրերի շարքում երկրորդ տեղում է։ Առաջին տեղում ժամանակակից Չինաստանի տարածքում 249 մլն տարի առաջ զոհված իխտիոզավրն է։