Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքը վարակվել են COVID-19-ով: «Այս պահին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով. երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է»,-ասել է Փաշինյանը եւ հավելել, որ ախտանշան չի ունեցել, բայց որոշել է եւս մեկ անգամ թեստավորվել, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ է ունեցել։ Վարչապետը կռահում է, թե որտեղ եւ ինչպես է վարակվել: Ի դեպ, այսօր լրացել է Նիկոլ Փաշինյանի ծննդյան 45 տարին:

Հայաստանում հունիսի  1-ի առավոտվա դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 210 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի թիվը 9492 է: Այս պահին բուժվում է 5896 մարդ: Մահացածների թիվն ավելացել է 8-ով եւ հասել 139-ի:

Մահացածները եղել են  63, 65, 67 եւ երկու 81 տարեկան տղամարդիկ, 73, 82, 69 տարեկան կանայք: Մեկից բացի մյուս բոլորն ունեցել են քրոնիկ հիվանդություններ: Նախօրեին արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է:

Հնարավոր է՝ վարչապետը ընդամենն  օրեր առաջ, միգուցե շաբաթ առաջ վարակակիր է եղել, ԱԺ նիստում հայտարարել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ավելացնելով, որ ինքն էլ է շփում ունեցել Փաշինյանի հետ, նաեւ հետաքրքրվել, թե այսուհետեւ ինչպես է աշխատելու խորհրդարանը։ 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, թե իրավասու չէ   մեկնաբանել վարչապետի՝ Արցախում գտնվելու ժամանակ հայկական երկու պետությունների պաշտոնյաներին վարակելու վերաբերյալ դիտարկումները։  Ինչ վերաբերում է պատգամավորների թեստավորմանը, ապա բոլորը կրում են դիմակներ, ասել է նա, ավելացնելով, որ ինքը չէ այն անձը, որ պետք է պատասխանի այդ հարցին։

Ավելի ուշ Ազգային Ժողովի շենք են մտել բուժաշխատողներ: Խորհրդարանի աշխատակազմի ղեկավար  Տիգրան Գալստյանը NEWS.am-ին հայտնել է, որ   մեկ աշխատակցի մոտ մի քանի օր առաջ կորոնավիրուս է ախտորոշվել, եւ այսօր բուժաշխատողմները եկել են  նրա կոնտակտավորներին թեստավորելու:

Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում համացանցում հայտնված տեսանյութը, որում, ըստ տարածված լուրերի, հայ զինծառայողները Նախիջեւանի ուղղությամբ կրակոցներով  ոչնչացնում են  ադրբեջանական զինուժի ավտոմեքենա: Այնուհանդերձ, գերատեսչությունից հայտնել են, որ հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում,   միայն պատասխանում է, եւ հակառակորդի ցանկացած  սադրանքի համարժեք պատասխան տալիս:

Ծեծի հետեւանքով 8 ամսից ավելի  կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է:  NEWS.am-ին նրա  եղբայրը` Կարեն Մխիթարյանը, հայտնել է, որ  հիմա բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Հիշեցնենք,  որ մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին եւ նրա  եղբայր Զավեն Գրիգորյանին։ Դեպքից մեկ շաբաթ անց մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Տրդատ Սարգսյանը, որն, ըստ վկայությունների՝   դեպքի վայրում էր եղել։

Ռուսաստանի նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինը հաջողություն է ցանկացել   Փաշինյանին, նաեւ մաղթել շուտափույթ ապաքինում նրան եւ նրա ընտանիքի անդամներին։  Պուտինն ընդգծել է Հայաստանին՝ համաճարակի դեմ պայքարում աջակցելու Դաշնության պատրաստակամությունը:

Բելառուսում մայդաններ չկան, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն եւ  կոչ արել Բելառուսը չհամեմատել Հայաստանի կամ Ուկրաինայի հետ: «Մեր հարեւան երկրի թերթերը վերջերս գրել են, որ հայտնվեցին նոր Փաշինյաններ, նոր Զելենսկիներ: Պետք է ասեմ, որ մենք չունենք փաշինյաններ եւ զելենսկիներ: Այնուամենայնիվ, նրանք տաղանդավոր են՝ եւ՛ Զելենսկին, եւ՛ Փաշինյանը, իհարկե, նրանք հայրենասեր են եւ նվիրված իրենց երկրին»,-ասել է Լուկաշենկոն եւ նորից ընդգծել, որ Բելառուսում չի կարող մայդան լինել:     

Դուք կին ընդդիմադիր գործչի զգեստապահարանում նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նա հիշեցրել է իր հարցը վարչապետ Փաշինյանին՝ նրա մտերիմ Ղալումանների ենթադրյալ կոռուպցիոն գործարքների մասին, ինչից հետո իշխանամետ մամուլը գրել է իր նախկին ամուսնու դրամական ձախորդ գործարքների մասին։ Անձնական կյանքիս անհաջողության գործոնով ինձ հեղինակազրկելու Ձեր ջանքերը միայն Ձեր մշակույթի եւ որակի վաստակն են, գրել է Սամսոնյանը։

Գազը բնակիչ բաժանորդների համար չի թանկանալու, սոցիալապես անապահովների համար գործող սակագները եւս պահպանվելու են։ Այս մասին հայտնել է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։ Գազի գնի որոշակի բարձրացում կարող է լինել գյուղոլորտում, բայց ոչ  «Գազպրոմի» առաջարկած չափով։

ԱՄՆ ավելի քան 40 քաղաքներում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված ցույցերի պատճառով պարետային ժամ է սահմանվել գիշերային ժամերին: Պարետային ժամ է մտցված ամբողջ Արիզոնա նահանգում: Սահմանափակումերն ուժի մեջ կմտնեն այսօր ժամը 20-ից եւ կտեւեն մեկ շաբաթ:  Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղական իշխանություններին կոչ էր արել վճռական լինել։ Նշենք նաեւ, որ ցուցարարները Լոս Անջելեսում քարուքանդ են արել հայերին պատկանող որոշ ձեռնարկություններ։

Կիրակին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անցկացրել է մարտական հրաձգարանում։ Ֆեյսբուքում նա գրել է, որ նոր կարգավիճակում ունեցել է ռազմահայրենասիրության իր առաջին դասը։ Արցախի նախագահը   խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը: Նա գրել է, որ Արցախի բոլոր զինապարտների մարտական հմտությունների շարունակական բարելավումը լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.89 դրամով եւ կազմել  483.02 դրամ:  Եվրոյի փոխարժեքն աճել է 3.12 դրամով ու հասել  536.78 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.84 դրամով  ու հասել 598.37 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն 0.09 դրամով  ու կազմել  6.92  դրամ։

Հունիսի 2-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի առանձին վայրերում, նաեւ Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ:  Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա:   Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +17+19, վաղը ցերեկը՝ +30+32։