ԱՄՆ-ում ներկայիս անկարգությունները խաղաղ ցույցեր չեն, այլ ներքին ահաբեկչության գործողություններ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երկուշաբթի երեկոյան Սպիտակ տան Վարդագույն այգում հանդես գալով համաքաղաքացիներին հղած ուղերձով՝ կապված վերջին մի քանի օրերին երկրում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի եւ անկարգությունների հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Լինքոլնի հուշակոթողը եւ Երկրորդ աշխարհամարտի հուշակոթողը ենթարկվել են վանդալների հարձակմանը: Սրանք բողոքի խաղաղ ցույցեր չեն, սրանք ներքին ահաբեկչության գործողություններ են,- ասել է Թրամփը: - Անմեղ մարդկանց սպանությունը մարդկության եւ Աստծո դեմ հանցագործություն է»:

«Ամբողջ Ամերիկան ցավ է ապրում եւ վրդովված է Ջորջ Ֆլոյդի դաժան մահվան փաստով: Վարչակազմն ամբողջությամբ հանձնառու է, որպեսզի արդարությունը հաղթանակի,- նշել է նախագահը: - Բայց մենք թույլ չենք տա, որ կատաղած ամբոխը խլացնի խաղաղ ցույցերը: Կողոպուտների ամենամեծ զոհերը մեր խաղաղասեր քաղաքացիներն են ամենաաղքատ շրջաններում, ես պայքարելու եմ նրանց անվտանգության համար»:

«Բայց վերջին օրերին մեր երկիրը գրավել են պրոֆեսիոնալ անարխիստները, կողոպտողները, հանցագործները, «Հակաֆան» (ամերիկացի հակաֆաշիստների շարժում) եւ ուրիշները,- հայտարարել է նա: - Մի շարք նահանգներ եւ տեղական իշխանություններ չլուծեցին բնակիչների անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ ընդունելու խնդիրը»:

Իրավակարգի վերականգնում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ դաշնային կառավարությունը պատրաստ է իրավակարգի վերականգնման նպատակով ազգային զինված ուժերին կիրառել երկրի այն շրջաններում, որտեղ վերջին օրերին տեղի են ունեցել խոշոր անկարգություններ:

«Այսօր ես յուրաքանչյուր նահանգապետի վճռականորեն հանձնարարել եմ ներգրավել ազգային գվարդիան բավարար քանակությամբ, որ մենք գերիշխենք փողոցներում: Քաղաքապետերն ու նահանգապետերը պետք է իրավապահ մարմինների աշխատակիցների ճնշող ներկայությունն ապահովեն այնքան ժամանակ, մինչեւ բռնությունը դադարեցվի: Եթե քաղաքը կամ նահանգը հրաժարվում է գործողություններ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են իրենց բնակիչների կյանքի եւ ունեցվածքի պաշտպանության համար, ապա ես կներգրավեմ ԱՄՆ Զինված ուժերը եւ նրանց փոխարեն խնդիրն արագ կլուծեմ»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը:

«Ես կմոբիլիզացնեմ ունեցած դաշնային ռեսուրսները՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական, որ դադարեցվեն անկարգություններն ու դիակապտությունը, [մասնավոր սեփականության] ավերածություններն ու հրկիզումները, ինչպես նաեւ օրինապահ ամերիկացիների իրավունքների պաշտպանության նպատակով, ներառյալ ձեր իրավունքի [հրազենի ձեռքբերման եւ կրման], որը երաշխավորվում է  [ԱՄՆ Սահմանադրության] երկրորդ ուղղմամբ»,- ասել է Թրամփը:

«Մենք դադարեցնում ենք մեր երկիրը համակած անկարգություններն ու անօրինականությունը: Մենք դրանց վերջը կտանք հենց հիմա»,- խոստացել է ԱՄՆ նախագահը: Նա ելույթ է ունեցել Սպիտակ տան մոտ իրավապահ մարմինների աշխատակիցների հստակ լսվող կրակոցների ձայների ներքո, որոնք կիրառում են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ ձայնային նռնակներ՝ հարեւան Լաֆայեթ պուրակում բողոքի ցույցը ցրելու համար: Ցուցարարները մնացել էին այս շրջանում, չնայած պարետային ժամը սկսվելուն:

«Ես նաեւ ձեռնարկում եմ արագ եւ վճռական միջոցառումներ, որ պաշտպանեմ մեր սքանչելի մայրաքաղաքը՝ Վաշինգտոնը, Կոլումբիա շրջանը: Այս քաղաքում անցյալ գիշերը տեղի ունեցածը բացարձակ խայտառակություն է: Հենց հիմա ես ուղարկում եմ հազարավոր լավ զինված զինվորների, զինծառայողների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների, որ դադարեցնեն անկարգությունները, դիակապտությունը, վանդալիզմը, հարձակումները եւ ունեցվածքի ավերումն առանց պատճառի»,- նշել է Թրամփը:

Նա ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունները մտադիր են խստորեն ապահովել Վաշինգտոնում պարետային ժամի պահպանումը, որը գործում է տեղական ժամանակով 19:00-ից մինչեւ 06:00: «Այն անձինք, որոնք սպառնում են կյանքին եւ ունեցվածքին, կկալանավորվեն եւ օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը: