Երկրները, որոնք Չինաստանին քննադատում են Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրենք ընդունելու ծրագրի պատճառով եւ դրա հետ կապված պահանջներ ու սպառնալիքներ են արտահայտում, «երկակի ստանդարտներ են կիրառում»: Երեքշաբթի լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել հոնկոնգյան վարչակազմի ղեկավար Քերի Լամը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Երբ խոսքը վերաբերում է իրենց սեփական երկրներում ազգային անվտանգության ապահովմանը, օտարերկրյա կառավարությունները դրան վերաբերվում են ամենայն լրջությամբ, իսկ մեր երկրի, մասնավորապես Հոնկոնգի իրավիճակին նայում են կողմնակալորեն»,- ասել է նա:

«Մենք վերջին շրջանում հստակ տեսանք երկակի ստանդարտների դրսեւորումը»,- նշել է Լամը՝ խոսելով ԱՄՆ-ում ներկայիս զանգվածային անկարգություններին արձագանքի մասին: «Մեզ մոտ Հոնկոնգում համանման հուզումներ էին, եւ մենք տեսել ենք, թե նրանք (ԱՄՆ-ն եւ Արեւմուտքի մյուս երկրները) այդ ժամանակ ինչպիսի դիրքորոշում ընդունեցին»,- նշել է Չինաստանի այս հատուկ վարչական շրջանի գործադիր իշխանության ղեկավարը:

Լամը կրկին շեշտել է Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրենքն արագ ընդունելու անհրաժեշտությունը՝ կապված անջատողականության, ահաբեկչության եւ օտարերկրյա միջամտության սպառնալիքների դրսեւորումների աճի հետ: Նրա խոսքով՝ «շատ մարդիկ սարսափի մեջ են ապրում» եւ վախենում են, որ իրենք կամ իրենց բիզնեսը կարող են ենթարկվել արմատականների հարձակումներին:

Մեկնաբանելով ազգային անվտանգության օրենքի պատճառով ԱՄՆ-ի կողմից Հոնկոնգի դեմ պատժամիջոցների սպառնալիքները՝ Լամը շեշտել է, որ ցանակացած տնտեսական սահմանափակում կվնասի առաջին հերթին ամերկյան բիզնեսի շահերը:

Նա նշել է, որ մեգապոլիսում աշխատում են Միացյալ Նահանգների 1,3 հազար ընկերություններ, որոնք օժտված են չինական շուկա դուրս գալու նույն արտոնություններով ու առավելություններով, ինչ եւ տեղական ֆիրմաները: Տեղական ֆոնդային շուկայում ԱՄՆ-ին է բաժին ընկնում բոլոր գործարքների հինգերորդ մասը: Դրանից բացի, Հոնկոնգը սեփական նախաձեռնությամբ ամերիկացի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ է տրամադրել, բայց Վաշինգտոնի կողմից պատասխան քայլ չի սպասել: «Մենք ԱՄՆ-ի եւ մյուս երկրների հետ հարաբերությունների կառուցման մեջ փոխադարձ հարգանքի հույս ունենք»,- կոչ է արել Քերի Լամը: