Կիպրոսի իշխանությունները հայտնել են, թե որ զբոսաշրջիկներին թույլ կտան մուտք գործել հանգստավայրեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով АТОР-ին:

Կիպրոսը հասանելի համաճարակաբանական տվյալների հիման վրա կազմել է Եվրոպայի 19 երկրների ցանկ, որոնց քաղաքացիները կարող են հունիսին երկիր ժամանել: Երկրները բաժանված են 2 խմբի (A եւ B): Առաջինի մեջ են մտել Եվրոպայի 13 պետություններ, երկրորդի մեջ՝ 6 պետություններ:

Օտարերկրյա հյուրերի ընդունումն անցկացվում է 2 փուլով: Հունիսի 9-19-ը զբոսաշրջիկները պետք է ունենան իրենց մոտ կորոնավիրուսի բացակայության հավաստագիր: Ընդ որում՝ թեստը պետք է հանձնել մինչեւ թռիչքը 72 ժամից ոչ ուշ: Հունիսի 20-ից այդպիսի փաստաթուղթ կպահանջվի միայն B խմբի երկրներից ժամանողների համար:

Հավաստագիրը պահանջվում է մինչեւ չվերթը եւ անձնագրային ստուգման կետում: Եթե ճանապարհորդը կորոնավիրուսի թեստ չունի, նրան կառաջարկեն թեստավորում անցնել ժամանելուն պես: Այն արժե 60 եվրո, արդյունքը ստացվում է 24 ժամից ոչ ուշ: Այդ ժամանակահատվածում զբոսաշրջիկներին կառաջարկեն մեկուսանալ ամրագրված համարներում:

Կիպրոս ուղեւորվող օդանավի բոլոր ուղեւորները պարտավոր են դիմակ կրել: Ժամանելուն պես կչափվի նրանց ջերմությունը: Ոմանց կառաջարկվի անցնել կորոնավիրուսի ախտորոշման անվճար թեստ՝ անկախ հանգամանքից, թե որտեղից են ժամանել:

Երկիր մուտք գործողները նաեւ պարտավոր են լրացնել «COVID-19 ճանապարհորդի հայտարարագիր»: Սա կարելի է կատարել Կիպրոսի ԱԳՆ վեբկայքում կամ թռիչքի օդանավակայանի գրանցման կանգնակների մոտ: Լրացված հայտարարագրի պատճենը կպահանջվի մինչեւ օդանավի վայրէջքը եւ նշանակման վայրում սահմանապահ ստուգում անցնելիս:

Կղզում հանգստանալիս զբոսաշրջիկներին կխնդրեն փողոցում 2 քառակուսի մետր հեռավորություն պահպանել եւ 3 մետր՝ փակ տարածքներում: Այնտեղ, որտեղ ֆիզիկական հեռավորության պահպանումն անհնար է, պարտադիր կլինի դիմակի կրումը (օդանավեր, օդանավակայաններ, նավահանգիստներ, տաքսիներ, ավտոբուսներ, վերելակներ):

Լողափերին շեզլոնգերը, սրճարաններում սեղանները դրված կլինեն միմյանցից 2 մետր հեռավորությամբ: Հյուրանոցների աշխատակիցները կրելու են պաշտպանական դիմակներ: Հյուրերին ամենուր կառաջարկեն  վճարել քարտով եւ օգտվել հականեխիչից: