Մեքսիկայի Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի (INAH) մասնագետները մի ուսումնասիրություն են հրապարակել, որը բացատրում է, թե ինչու են Կենտրոնական Ամերիկայի հին բնակիչները բուրգեր կառուցել: Գիտական ​​աշխատության առաջատար հեղինակները, որը հայտնվել է INAH կայքում, հնագետ Կոլետա Ալմանզան եւ դոկտոր Պեդրո Ֆրանցիսկոն են, հայտնում է Planet-Today-ը:

Հետազոտողները՝ Ալմանզայի եւ Ֆրանցիսկոյի գլխավորությամբ, նախաիսպանական ժամանակաշրջանի հսկայական կառույցների մի ամբողջ համալիր են վերլուծել, որոնք գոյություն են ունեցել Մեքսիկայի տարածքում: Դա, մասնավորապես, այն բուրգերն են, որոնք կառուցվել էին Մեզոամերիկայի բնակիչների կողմից:

Ինչու՞ հենց բուրգերը: Ո՞րն էր բուրգային ձեւի օբյեկտների նպատակը, որոնք տեղակայված են Կենտրոնական (և ոչ միայն) Ամերիկայում: Փորձելով պատասխանել այս եւ նմանատիպ հարցերին՝ գիտնականները, ի վերջո, բավականին պարզ բացատրություն են ներկայացրել:

«Մեքսիկայում բուրգերը միանման չեն. նրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ հատկություններ ունի: Ընդհանուրը բացառապես դրանց բուրգաձեւ ձեւն է: Հաշվի առնելով դա՝ մենք ենթադրեցինք, որ բուրգերը սարերի յուրատեսակ սրբազան պատճեն են: Մեզոամերիկայի բնակիչները ընդօրինակել են բնությունը, որտեղ հաճախ բուրգային կառույցներ են հանդիպում, ուստի բուրգեր են կառուցել: Մենք կարծում ենք, որ մարդկանց վրա ամենամեծ տպավորությունը թողել են հրաբուխները, որոնք համարվում էին վայրեր, որտեղից ծագել է կյանքը: Ըստ այդմ, հրաբուխների պատճենները հսկայական նշանակություն ունեին»,- նշում են գիտական ​​նախագծի հեղինակները: