Ամերիկացի հոգեբանները հրապարակել են հետաքրքիր հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տվել՝ արդյոք շները պատրաստ են փրկել  փորձանքի մեջ հայտնված իրենց տերերին: Արիզոնայի համալսարանի աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրության մասին գրում է Popular Mechanics-ը:

Հետազոտութանը վաթսուն տնային շուն է մասնակցել, որոնք պետք է երկու րոպեի ընթացքում օգնեին արկղում փակված իրենց տերերին: Փորձի պայմանների համաձայն՝ շների տերերը պետք է բարձր բղավեին իրենց տառապանքների մասին, բայց չպետք էի արտասանեին կենդանու անունը, որպեսզի վերջիններս գործողությունների համար լրացուցիչ խթաններ չունենային:

Բացի այդ, շները պետք է վերահսկողական առաջադրանքներ կատարեին՝ նույն արկղից սնունդ հանեին, ինչպես նաեւ ազատեին տիրոջը արկղից, ով օգնության չէր կանչում եւ պարզապես ամսագիր էր կարդում: Արդյունքում, շներից քսանը կարողացավ ազատել տիրոջը, քսանը կարողացավ հանել սնունդը, իսկ տասնվեց շուն կարողացավ բացել արկղը, որի մեջ նստած էր իրենց տերը եւ ամսագիր էր կարդում:

«Սթրեսը, որը ցույց էր տալիս տերը, փոխանցվում էր կենդանուն, ուստի նրանք փորձում էին բացել արկղը` մարդուն օգնելու համար: Այն փաստը, որ ոչ բոլոր շները կարողացան կատարել առաջադրանքը, բացատրվում է սխալներով արկղը բացելու փորձերի ժամանակ, այլ ոչ թե՝ սեփականատիրոջն օգնելու ցանկության բացակայությամբ: Հիմնական եզրակացությունը, որին մենք հանգել ենք, այն է, որ շները պատրաստ են օգնել տերերին, ովքեր դժբախտության մեջ են հայտնվել»,- նշում են հետազոտության հեղինակները: