Երեքշաբթի գիշերը ԱՄՆ մայրաքաղաքի Կոլումբիա շրջանում ռազմական ուղղաթիռները ցածր բարձրությամբ մի քանի անգամ անցել են բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցների բազմության գլխավերեւով՝ նրանց ցրելու համար, հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Ցածր բարձրությամբ թռչելիս ուղղաթիռները ուժեղ աղմուկ են արձակում, օդ են բարձրացնում մեծ քանակությամբ փոշի: Ականատեսների խոսքով, որոնց վկայակոչել է Fox News-ը, ներգրավվել են UH-60 Black Hawk եւ UH-72 Lakota ուղղաթիռներ:

Ամերիկյան մյուս լրատվամիջոցները հայտնում են երեքշաբթի գիշերը ԱՄՆ մայրաքաղաքի փողոցներում զինվորականների հայտնվելու մասին այն բանից հետո, երբ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զանգվածային անկարգությունները կանխելու համար կարող է ներգրավել բանակը: Stars and Stripes պարբերականի տեղեկություններով՝ Կոլումբիա շրջան են ժամանել ոստիկանության եւ ռազմական ինժեներների ստորաբաժանումներ, սական նրանք գտնվում են դեռեւս քաղաքի սահմաններից դուրս: USA Today պարբերականի թղթակիցը հայտնում է Վաշինգտոնի փողոցներում «ռազմական տեխնիկայի եւ զինծառայողների» մասին, չնայած չի հստակեցրել, թե դա ինչ տեխնիկա է:

Ինչպես հայտարարել էր Թրամփը, դաշնային կառավարությունը պատրաստ է զինված ուժերին կիրառել իրավակարգը վերականգնելու համար այն շրջաններում, որտեղ վերջին օրերին տեղի են ունեցել խոշոր անկարգություններ: Սակայն մայրաքաղաքային շրջանի սահմաններից դուրս դրա համար պահանջվում է նահնագապետի համաձայնությունը: