Ոստիկանության Արթիկի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, առաձնապես խոշոր չափի գողություն կատարելու կասկածանքով հունիսի 1-ին ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Սպիրիդոն Մ-ին՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, պարզվել է, որ Արթիկի ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Արդեն ոստիկանությունում Սպիրիդոն Մ-ն ենթարկվել է անձնական խուզարկության, որի մոտ հայտնաբերվում է խոշոր չափի գումար։

Բերման ենթարկվածը խոստովանել է, որ մայիսի 31-ին, ժամը 21։30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Աղաքարյան փողոցի թիվ 49 տան ննջասենյակի պատուհանի ծխնին կոտրելու միջոցով ներս է մտել եւ պահարանից հափշտակել 10 մլն դրամ եւ 3 մլն դրամ արժողության ոսկյա զարդեր։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նաեւ «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով եւ բերված մարտական վիճակի։ Ատրճանակը հայտնաբերվել է ավտոմեքենայի սրահում, եւ արդեն ոստիկանությունում Սպիրիդոն Մ-ն հայտնել է, որ ատրճանակն առանց որեւէ մեկի գիտության վերցրել է ՀՀ ՊՆ N զորամասր զինանոցից՝ մարտական հերթապահությունը հանձնելուց առաջ։

Ատրճանակը հաշվառված է եղել Վանաձորի բնակիչ՝ 30-ամյա Ժիրայր Ա-ի անվամբ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Սպիրիդոն Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի օգնական-հոգեբան, իսկ Ժիրայր Ա-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես խմբի հրամանատար։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարակաով տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։