Ենթադրում եմ, որ մեր ֆաբրիկայում կորոնավիրուսի 3 հաստատված դեպք կա։ Այս մասին այսօր՝ հունիսի 2–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը։

Նրա խոսքով՝ արտադրամասում պահպանվում են պարետի կողմից սահմանված բոլոր կանոնները, սակայն 3000 մարդ է աշխատում, եւ որ զարմանալի կլիներ, եթե դեպք չգրանցվեր։

«Մեզ ոչինչի չեն ասել, չգիտենք, թե կոնկրետ ովքեր են, քանի որ մոտ 10 մարդ էլ մեկուսացված է։ Եթե ամբողջ հանրապետությունում օրը 500 մարդ է վարակվում, 3000 աշխատող ունեցող ընկերությունում էլ կարող է 3 մարդ վարակվել, դա էլ դեռ հարց է՝ կոնտակտների հետ մենք կապ ունե՞նք, թե՞ ոչ, որովհետեւ այն մարդիկ, որոնք իրենց լավ չեն զգում, ջերմություն են ունենում, չենք թողնում արտադրամաս մտնեն։ Բոլորը 100 տոկոսով դիմակավորված են, 100 տոկոսով ախտահանում ենք, ալկոգելեր ենք օգտագործում, բոլորին օրվա ընթացքում 2 անգամ ջերմաչափում ենք»,– ասաց նա։

Հարցին, թե վարակվածները կանայք են, թե տղամարդիկ եւ քանի՞ տարեկան են, Դարբինյանը պատասխանեց. «Արտադրամասի աշխատակիցների 90 տոկոսը կանայք են, 3–ն էլ կին են՝ միջին տարիքի։ Խոսակցությունները տարբեր են, մեկն ասում էր, երեւի երեխային տարա պոլիկլինիկա այնտեղ վարակվեցինք եւ այլն»։

Դարբինյանի խոսքով՝ պացիենտների հետ անմիջական շփում ունեցածներին եւս թեստավորել են. «Արտադրամասում իրենց մոտ նստածներին եւ ընկերության կողմից աշխատակիցների համար նախատեսված ավտոբուսով իրենց հետ եղած աշխատակիցներին եւս թեստավորել են։ Նշեմ, որ ավտոբուսները եւս ախտահանվում են»,– ասաց նա։