ՀՀ վարչապետի 2020 թ. հունիսի 02-ի 644–Ա որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Ռուբեն Սարգսյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Սարգսյանին նշանակել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,-ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման տեքստում:

Կենսագրություն

Ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 9-ին:

1999-2004 թթ. սովորել է Հայ-ռուսական պետական համալսարանի քաղաքական ինստիտուտներ եւ տեխնոլոգիաներ ֆակուլտետում:

Մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ Պետական դեպարտամենտի կրթական եւ մշակութային հարցերի բյուրոյի  Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրի շրջանակներում՝ Աշխատանքի իրավունքներ եւ աշխատանքի տեսչություն թեմայով:

2004 թ-ից փորձագիտական գործունեություն է ծավալում աշխատանքային իրավունքի ոլորտում: Բազմաթիվ ուսումնասիրությունների եւ վերլուծությունների, ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է, մասնակցել է քաղաքականության մշակման գործընթացներին: Խորհրդատվական գործունեություն է իրականացնում նորաստեղծ արհմիությունների համար, ինչպես նաեւ խախտված իրավունքների եւ շահերի պաշտպանություն վերաբերյալ:

2007 թ.-ից ղեկավարել է Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ (APR Group) ՀԿ-ն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ է:

Ավելի, քան երկու տասնյակ հետազոտությունների հեղինակ եւ համահեղինակ է:

Տիրապետում է անգլերենին եւ ռուսերենին: