Իշխանությունները չներեցին Քաջարանում տեղի ունեցած բողոքի ակցիաներն ու երիտասարդներին վերցրին կալանքի տակ։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց գործով մեղադրյալներից մեկի պաշտպան Արա Ղազարյանը։

«Կալանքի նպատակը որն է, իրենք ասում են՝ մենք վախենում ենք, որ տուժողի վրա ճնշումներ կգործադրվեն։ Մենք էլ ասում ենք՝ բայց դեպքը մեկ ամիս առաջ է եղել, մեկ ամիս ապրել են նույն քաղաքում, եթե ճնշում եղած լիներ, արդեն վաղուց կլիներ, այսինքն՝ կալանքն արդեն իր նպատակին չի ծառայել։ Տուժողը պաշտպանության տակ է, դա նշանակում է, որ եթե հանկարծ նրան որեւէ մեկը մոտենա ու ասի՝ արի պայմանավորվենք, դա արդեն հանցագործություն է։ Եթե ամբողջ քաղաքը տեղյակ է, որ այդ անձը պաշտպանության տակ է՝ կմոտենա՞ն նրան։ Իմ պրակտիկայում առաջին անգամ է, որ երբ անձը գալիս եւ ներկայանում է եւ ասում են՝ փախուստի հավանականություն կա։ Մի պաշտոնատար անձ մեզ հասկացնել տվեց՝ գիտեք, էն որ ընդեղ սարքեցինք, չկարծեք, թե իրենց չենք կալանավորելու։ Այսինքն՝ իրականում կալանքը քողարկված պատիժ է», ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ իրենց դատարանում ներկայացրել են 20 օր առաջ տեղի ունեցած գաղտնալսումները եւ ասել, որ իրենք ինչ-որ բան են պայմանավորվում.

«Իշխանությունները չներեցին բողոքի ակցիաներն ու երիտասարդներին վերցրին կալանքի տակ։ Այս կալանավորման որոշումն առանց դատավճռի քողարկված պատիժ է»։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ մանրամասներ էին ներկայացրել դեպքից։ Ըստ այդ հաղորդագրության՝ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի եւ նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջեւ տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը եւ շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ. Հ.-ն, նրա եղբայրը՝ Լ. Հ.-ն, Խ. Մ.-ն եւ Մ. Ս.-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առեւանգել են Շ. Մ.-ին եւ Խ.Մ.-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա. Հ.-ի եւ Գ. Մ.-ի հետ ծեծի ենթարկել նրան:

Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ.-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա.Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ.-ի եղբայրը՝ Գ.Մ.-ն եւ Ա.Փ.-ն, ինչպես նաեւ ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետեւանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա.Պ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։