Թող պարետը մեր փողը տա, մենք էլ գնանք տուն: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, Արմավիրի մարզի «Մեյմանդարի» շուկայում բողոքի ակցիայի ժամանակ ասաց գյուղացիներից մեկը՝ բողոքելով շուկան 24 ժամով փակելու որոշման դեմ:

«Ես վաղը իմ ապրանքը բերելու եմ, տենամ ով է փակում շուկան: Բահերով կհելնենք ձեր դեմը»,-ասաց նա:

Արմավիրի մարզի ոստիկանության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանն էլ պատասխանեց. «Ես փակելու եմ»:

Իրավիճակը թեժացաց, թեթեւ հրմշտոց սկսվեց: Արամ հովհաննիսյանը ոստիկանների հետ քաշեց, գյուղացիներին խնդրեց մեկ մետը հետ կանգնել:

Գյուղացիներից մեկը չէր հանդարտվում. «Ինձ ասում ա՝ չես ծախելու, դո՞ւ ես որոշել: Ո՞վ ա պարետը, թողեք ապրենք»:

Մարզի ոստիկանապետը նշեց. «Իրավիճակն իզուր մի լարեք: Եվս մեկ անգամ ասում եմ, որ պարետն ընդառաջել է, այսօր շուկան չի փակվում, անցեք ձեր աշխատանքին, մի փոքեք, որ ձեր ապրանքը փչանա: Վաղը առավոտյան 24 ժամով կփակվի շուկան»:

Հատկանշական է, որ գյուղացիները դեմ էին նաեւ, որ շուկան վաղը փակվի ախտահանման նպատակով: