Forbes ամսագիրը Վրաստանին ներառել էյոթ երկրների շարքում, որոնք կարող են հիմնական տուրիստական ​​ուղղություններ դառնալ կորոնավիրուսային համավարակից հետո, հայտնում է Georgia-News-ը:

Rising Stars in Travel վերնագրով հոդվածում Վրաստանը հիշատակվում է Եթովպիայի, Իրանի, Մյանմարի, Ֆիլիպինների, Սլովենիայի եւ Թունիսի հետ միասին:

Ըստ հեղինակի՝ մինչ համաշխարհային տուրիստական ​​արդյունաբերությունն աննախադեպ անկում է ապրում, շատ երկրներ պատրաստվում են արտասահմանյան այցելուների ներհոսքին, եւ դրանցից որոշների համար ճգնաժամը կարող է իր մասին հայտարարելու հիանալի առիթ դառնալ:

«Վրաստանն արդեն կովկասյան տարածաշրջանի ամենաիդիլիական ուղղություններից մեկը դառնալու ճանապարհին է: Սկսեք ձեր ճանապարհորդությունը երկրի մայրաքաղաքից: Թբիլիսին հմայիչ քաղաք է, որը լի է Մտկվարի գետի երկայնքով տեղակայված հին եկեղեցիներով եւ ռեստորաններով»,- նշվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակը նաեւ խորհուրդ է տալիս այցելել երկրի արեւմուտքում գտնվող փոքրիկ գեղեցիկ քաղաքներ, վայելել վրացական գեղեցիկ բնությունը, ինչպես նաեւ համտեսել վրացական գինին, քանի որ Վրաստանը երկրի ամենահին գինեգործական տարածաշրջաններից մեկն է:
Հուլիսի 1-ից Վրաստանը կբացի իր սահմանները զբոսաշրջության համար, բայց ոչ բոլորը կկարողանան գալ երկիր, հարցազրույցում պարզաբանել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրտավան: Նա շեշտել է, որ Վրաստանը զբոսաշրջիկների է սպասում այն երկրներից, որտեղ համաճարակաբանական իրավիճակը քիչ թե շատ նման է վրացականին:

Հյուրանոցների եւ բնակարանների համար Վրաստանի առողջապահության նախարարությունը հատուկ կանոններ է հաստատել, որոնք պետք է ապահովեն զբոսաշրջիկների եւ տեղի բնակչության անվտանգությունը կորոնավիրուսի համավարակի համատեքստում: