Երեւանի կենտրոնում երեկ շատ ավելի դժվար էր գտնել դիմակ կրող քաղաքացիների։ Այս մասին այսօր՝ հունիսի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով դիտարկամանը, որ մարդիկ լուրջ չեն վերաբերում վիրուսին։

«Շատ եմ դուրս գալիս, շրջում եմ քաղաքում նաեւ կենտրոնական հատվածներում եւ պետք  է ասեմ, որ վերջին շրջանում շատ բարձր քաղաքացիական պատասխանատվություն է նկատվում մեր համաքաղաքացիների մոտ, դա կլիներ խանութներում, սուպերմարկետներում եւ ես սխալ եմ համարում մեղքը բարդել միայն մեր քաղաքացիների վրա եւ ասել, որ քաղաքացիական անպատասխանատվություն կա։ Սակայն երեկ կենտրոնում լարման թուլացում եմ նկատել եւ արդեն դժվար էր հայտնաբերել մարդկանց, որոնք դիմակ էին կրում»,– ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ այս պահին առողջապահական ոլորտը շատ լուրջ թերացում ունի. «Դրա վառ ապացույցը վարակի հսկայածավալ տարածումն է բնակչության մոտ եւ նաեւ այն կանխատեսնումները, որն արվում է հենց առողջապահության նախարարի կողմից»։