Իշխանությունների ինքնավստահությունը, հանրային կառավարման եւ քաղաքական փորձի ակնհայտ դեֆիցիտը մեզ հասցրեց կորոնավիրուսի այս ռեկորդային թվերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Իշխանությունների ինքնավստահությունը, որը համատեղվում է հանրային կառավարման եւ քաղաքական փորձի ակնհայտ դեֆիցիտով, հասցրեց մեզ այս ռեկորդային թվերին: Միավոր բնակչությամ օրական նոր դեպքերի քանակով աշխարհում 5-րդ հորիզոնականում ենք (մեզանից վատ է Քուվեյթում, Պերույում, Բահրեյնում ու Քաթարում), իսկ մահերով` պատվավոր 1-ին:

Մարդկանց կյանքերը զոհաբերելով տնտեսություն փրկելու փորձը, բացի նրանից, որ որեւէ աղերս չունի ժողովրդավարական արժեքների հետ, կհանգեցնի հակառակ էֆեկտին:

Որոշում կայացնողների զգալի մասը կյանքի փորձ չունի: Առանձնապես որեւէ հաջողության չհասած կուսակցական ակտիվիստից դարձել են պետության առաջին դեմքեր ու հանրության ճակատագիր են վճռում:

Արդյունքում մտածում են, որ իրենք ահավոր խելոք դեմքեր են ու կարող են չափազանց ինքնավստահ կառավարել պետությունը, թեեւ նախքան այդ ոչ մարդկանց են առաջնորդել, ոչ էլ ծխախոտի կրպակ կառավարել:

Ասածս չի վերաբերում Նիկոլ Փաշինյանին ու էլի մի երկու հոգու: Բայց իշխանության մեծամասնությունը նույնիսկ չհասկացավ, թե ոնց տարան երկիրը դեպի կորոնավիրուսային պարտություն:

Իշխանությունների հարգելի ներկայացուցիչներ, դուք կորոնավիրուսի պատերազմում Հայաստանը պարտության տարած թիմ եք եւ դա ձեր տապալումներից ամենամեծն է: Սա անհամեմատ ավելի լուրջ տապալում է, քան, ասենք, ինստիտուցիոնալ բարեփոխումների լճացումը, հանրային կոմունիկացիայի բացակայությունը կամ Արցախում տեղի ունեցած ընտրությունների որակը:

Էլ ի՞նչ տապալում պետք է ունենաք, որ հաղթահարեք ձեր ինքնասիրահարվածությունը ու իրականությունից կտրվածությունը»։