51 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող նախկին դատավոր Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Օհանջանյանը հայտնեց նաեւ, որ կասեցվել է նաեւ այս գործին միացված փախուստի գործը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարվեց Ուզունյանին առնչվող քրեական գործի մասին, այդ ընթացքում էլ նախկին դատավորը լքեց Հայաստան։ Նրա փախուստից հետո քրեական գործ հարուցվեց պաշտոնեական անփութության համար։

Նշենք, որ ըստ Դատախազության` Ուզունյանը 2007-ին, ապա եւ 2014-ին քաղաքացիներից պահանջել եւ տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, մի դեպքում 13 հազար, մյուս դեպքում՝ 38 հազար դոլար։