Այս պահին համակարգում հայտ է լրացրել 4433 դիմորդ, մեր կանխատեսումամբ դա պետք է լինի դիմորդների 1/3–ը եւ եւս 5629 հայտ այս պահին գրանցվել է, իչն ըստ էության կեսից ավելին է՝ 60–70 տոկոսն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 2–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մեր դիմորդները թեպետ մինչեւ հունիսի 15–ը ժամանակ ունեն, բայց ակտիվորեն լրացնում են։ Առաջին օրը dimord.am-ի հետ կապված ունեցել ենք տեխնիկական խնդիրներ, բայց հիմա կարծես թե այդ խնդիրները չկան»,– ասաց նա։

Նախարարը ուղիղ եթերում ցույց տվեց, թե կայքի հնարավորությունները եւ ասաց. «Կորոնավիրուսը մենք որպես հնարավորություն օգտագործեցինք եւս մի համակարգ թվային դաշտ տեղափոխելու համար եւ բոլոր փաստաթղթերն ընդունելու թվային տեսքով։ Պատրաստվում ենք քննություններն անցկացնել հուլիսի 1–8–ն ընկած ժամանակահատվածում, դիմում եմ դիմորդների հարազատների բարեկամներին, ծնողներին, որ չուղեկցեն դիմորդներին կամ նրանցից միայն մեկն ուղեկցի քննական կենտրոններ, որոնց մասին տեղեկությունը կստանաք հունիսի 15–ից հետո։ Հիմա մեր մասնագետներն աշխատում են, որպեսզի քննական կենտրոնները պատշաճ տեսքի բերեն, եւ մենք անվտանգության բոլոր կանոնները պահպանելով կարողանանք իրականացնել քննությունները, կխնդրեմ, որ մեր դիմորդներն իրենց լավ նայեն այս ընթացքում, չհիվանդանան, չվարակվեն, որպեսզի կարողանան ակտիվ մասնակցել քննություններին»։