Ոչ մի համաճարակային կանոն չի պահպանվում, եւ այս անլուրջ վիճակի մեղավորը հենց կառավարությունն է։ Այս մասին Ֆեսյբուքի իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Դեռեւս մարտ ամսին նշում էինք, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է խստորեն պահպանել, որպեսզի այսօրվա իրավիճակին չհասնեինք, սակայն կառավարության անհետեւողական և ձևական գործողությունները երկիրը հասցրին մի վիճակի, որ հետո շատ դժվար է լինելու առանց մեծ կորուստների դուրս գալ ստեղծած իրավիճակից», գրել է Ի․Սաղաթելյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ ոչ մի համաճարակային կանոն չի պահպանվում, եւ այս անլուրջ վիճակի մեղավորը հենց կառավարությունն է:

«Պետք է նախաձեռնել հետևողական քայլեր և´ համաճարակի տարածումը կանխարգելելու, և´ առողջապահական համակարգը կարգի բերելու համար, ինչպես նաև հիվանդներին արագ բուժօգնություն ցուցաբերելու, հետագա մահերը կանխելու համար։

.... Քաղաքացիների տեղորոշման մասին օրենքի ընդունումը քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն իրականացնելն է, ոչ թե առողջապահական հարցերը կանոնակարգելը, քանի որ այդ օրենքի ընդունումից հետո դրական տեղաշարժ չի նկատվել: Ակնյայտ է, որ իշխանությունը փորձում է վերահսկողական գործիքներն ավելացնել` հասարակության համար տոտալ վերահսկողություն ունենալու համար»:

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ այսօր երկիրը «լուրջ աղետի, առողջապահական լուրջ ճգնաժամի առաջ է կանգնած, ինչը կարճ ժամանակ անց, նաև ֆինանսատնտեսական ոլորտում կանդրադառնա, սակայն իշխանություններն իրենց գործը և անելիքը թողել և ընկել են գույքահարկի մասին օրենքի, քաղաքացիների մասին հայտարարագրման, այսինքն՝ առաջնահերթության կարեւորության ու նպատակահարմարության հարցը թողել են, այլ՝ երկրորդական հարցերով են զբաղվում: Ականատես ենք լինում հերթական ոչ ադեկվատ գործողություններին»։