Ընդհանրապես մեղավոր փնտրելու ժամանակը չէ, որովհետեւ մենք դրանով ոչ մի հարց չենք լուծում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մեղավոր փնտրելը հասարակական կազմակերպություների, այսինքն անկախ սեկտորի գործն է, ընդդիմության գործն է, բայց Հայաստանում դրանով զբաղվում է իշխանությունը։ Հայաստանում իշխանությունը իր բուն գործը թողած՝ սկսել է «ով է մեղավորը» արշավը։ Եւ ամենահեշտը բարդելն է մարդկանց վրա․ մարդիկ են մեղավոր՝ կիրակի օրը գնացել են Սուրբ Հովհաննես, «Գլորիայի» բանվորուհիներն էին մեղավոր, որ հերթ էին կանգնել, որ ավտոբուս նստեն։ Ճշտեցի՝ «Գլորիան» 26 ավտոբուս ունի, բայց երեւի պետք է 50-ը ունենար։

Այն նկարները, որ հիմա հրապարակում է վարչապետը, նա պետք է դրանք հավաքեր, պարետատան նիստ հրավիրեր եւ ասեր՝ այս ի՞նչ եք դուք անում, դուք չեք հսկում թաղամասերը, որովհետեւ այնտեղ նման հավաքներ են տեղի ունենում, չեք հսկում բանկերի հերթերը, սրբավայրերը, դուք չեք հսկել Դենդրոպարկը, Գառնի-Գեղարդը։ Բայց այդ նկարները հրապարակվում են, եւ մեղավորը քաղաքացիներն են։ Քաղաքացիների մի խումբ կա, հիմնականում լավ ապրող մարդիկ կարծում են, որ այո, ժողովուրդն է մեղավոր, որ այս ամենը տեղի է ունենում, եւ այդ լավ մարդիկ նաեւ կողմ են, որ ամբողջապես փակվի, եւ խիստ կարանտին լինի։ Լավ ապրող մարդիկ նաեւ կարծում են, որ պետք է ընդհանրապես տնից ոչ ոք դուրս չգա, եւ այդ լավ ապրող մարդիկ նաեւ դրսից՝ Սփյուռքից են այդ խորհուրդները տալիս։ Այդ մարդիկ չգիտեն, օրինակ, «Գլորիայի» բանվորը ոնց է ապրում, Մեյմանդարի շուկայի կանաչի վաճառողը ոնց է ապրում։ Այդ մարդկանց փոխարեն նրանք որոշում են։ Եվ չգիտես ինչու իրենք որոշել են, որ Մեյմանդարի շուկան է մեղավոր, որ վարակը տարածվում է։ Բոլորը մեղավոր են, բացի հիմնական պատասխանատուներից։ Ես՝ որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, ուզում եմ ասել՝ ժողովուրդ ջան, եկեք դադարենք մեղավորներ փնտրել։ Հիմա պետք է զբաղվել գործով, մեղավորների տեղը մենք գիտենք, ժամանակը կգա, ես կարծում եմ՝ քննիչ հանձնաժողով կստեղծվի խորհրդարանում, երեւի ոչ այս խորհրդարանում որովհետեւ այս մեծամասնության հետ անիմաստ է, բայց այն կստեղծվի եւ կտեսնենք՝ ովքեր են մեղավոր։ Մեղավոր են նրանք, ովքեր առաջին օրվանից անլրջացրել են համավարակի առկայությունը, դրա լրջությունը, եւ երբ ամեն բան անլրջացվել է, հետո փորձում են լրջացնել, չի ստացվում, որովհետեւ մարդիկ չեն լսում։

Երեկ ես, տեղեկանալով, որ վարչապետը եւ իր ընտանիքը թեստ են հանձնել, եւ տվյալները դրական են, անկեղծ առողջություն էի մաղթել վարչապետին եւ նրա ընտանիքին, որ անհետեւանք բուժում անցնեն։ Հարյուրավոր նամակներ կան, թե ինչո՞ւ եք առողջություն մաղթել, սուտ է այդ ամենը։ Այնքան է դեգրադացվել ամեն բան, որ մարդկանց վարակակիր լինելը կասկածի տակ են դնում, մարդիկ կասկածի տակ են դնում կորոնավիրուսի առկայությունը։

Չենք կարող լռել, երբ մեղավոր են նշանակում ՀՀ քաղաքացիներին։ Երբ ժողովուրդը կարող ա, օրինակ, հանրաքվեով հասկանալ, թե ՍԴ-ում ինչ է պետք անել, բայց ժողովուրդը չի հասկանում, որ հայաթում չի կարելի հավաքվել»,– ասել է Մարուքյանը։