ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջեւ ծրագրային փաստաթղթի ստորագրմամբ մեկնարկել է Հայաստանում կլիմայի փոփոխությանը գյուղատնտեսությունն առավել դիմակայուն դարձնելուն նպատակաուղղված տեխնիկական համագործակցության նոր ծրագիրը։ Այս երկամյա ծրագրում ներառված են Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Հյուսիսային Մակեդոնիան։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 405 000 ԱՄՆ դոլար:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի Հայաստանում ներդնել սերմերի եւ տնկանյութի հավաստագրման համակարգ, ինչպես նաեւ բարելավել սերմերի որակի լաբորատոր հետազոտությունների եւ սորտափորձարկման մեթոդաբանությունները: Հավաստագրման համակարգի ներդրումը կբացառի այն դեպքերը, երբ այգեհիմնողը ձեռք է բերում տնկի, իրականացնում է այգեհիմնման աշխատանքները, մի քանի տարի խնամում է այգին, իսկ բերքահավաքի ժամանակ պարզվում է, որ ձեռք բերված տնկանյութը չի համապատասխանում տվյալ սորտին բնորոշ հատկություններին։ Տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրման արդյունքում  այգեհիմնողը կարող է վստահ  լինել, թե ինչ սորտի, որակի եւ քանակի բերք է ստանալու՝ ապահովագրված լինելով սխալ տնկանյութի ընտրությունից։

Հավաստագրված տնկարանում աճեցված յուրաքանչյուր տնկանյութ լինում է առողջ, տիպիկ տվյալ սորտին, ունենում է համապատասխան պիտակ, որտեղ նշվում է տնկարանի անվանումը, պատվաստացու սորտի անվանումը, արմատակալի անվանումը եւ տնկիի մորֆոլոգիական որոշ հատկանիշներ (անձնագիր):

«COVID-19 ժամանակաշրջանի համատեքստում այս ծրագրի իրականացումը շատ տեղին է, քանզի այն կաջակցի սերմնաբուծության ազգային համակարգի հզորացմանը՝ որպես մշակաբույսերի արտադրության եւ պարենային անվտանգության հիմնական հենասյուներից մեկը», - ասել է Հայաստանում ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն հեռավար հանդիպման ժամանակ: