ԱՄՆ Դատաբժշկական փորձագետների ազգային ասոցիացիան համաձայնվել է փորձաքննության պաշտոնական արդյունքներին, որ կատարվել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի վերաբերյալ, ով մահացել է Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) ոստիկանների կողմից ձերբակալվելուց հետո, հայտնում է CNN-ը:

Երկուշաբթի Հենեփին շրջանի (Մինեսոտա նահանգ) Դատաբժշկական փորձագիտական բյուրոն հայտարարել էր, որ Ֆլոյդը մահացել է կարդիոպուլմոնար շոկի հետեւանքով (սրտի եւ շնչառության կանգ), որն առաջացել է ձերբակալելիս ոստիկանների օգտագործած հնարքների հետեւանքով: Ֆլոյդի օրգանիզմում հայտնաբերվել են  ֆենտանիլ սինթետիկ ափիոնով թունավորման եւ մետամֆետամին թմրանյութի օգտագործման հետքեր: Դրանից բացի, հաստատվել է, որ Ֆլոյդը արյան բարձր ճնշման եւ խցանված անոթների խնդիրներ ուներ:

Ֆլոյդի ընտանիքի վարձած անկախ փորձագետներն իրենց հերթին պարզել են, որ աֆրոամերիկացին մահացել է խեղդվելու պատճառով: Ընդ որում՝ նրանք պնդում են, որ արյան շրջանառության խնդիրները, ինչպես նաեւ թմրանյութային թունավորումը ուղիղ կապ չունեն գործի հետ եւ տղամարդու մահվան պատճառը չեն:

«Չնայած հանրության շրջանում կարող են կասկածներ լինել այն առնչությամբ, որ բնական հիվանդությունները եւ թմրանյութերի ազդեցությունը կարող էին դառնալ Ֆլոյդի մահվան պատճառներից մեկը, այդ գործոնների ներառումը մահվան վկայականի մեջ դատաբժշկական փորձագետների ստանդարտ պրակտիկա է,- նշված է ասոցիացիայի հայտարարության մեջ: - Մահը համալիր պրոցես է, որը հաճախ տեղի է ունենում խաչվող շատ գործոնների ազդեցությամբ, այդ թվում՝ ֆիզիկական բռնությամբ ուղեկցվող ֆիզիոլոգիական սթրեսի»:

Կազմակերպությունից ընդգծել են, որ «դատաբժշկական փորձագետներն, ի տարբերություն մասնավոր մասնագետների, որոշակի եզրակացության գալու նպատակ չունեն»: