Հայաստանի Փաստաբանների պալատի խորհրդին անհրաժեշտ է հնարավորություն ընձեռել նիստերը եւ ժողովներն անցկացնել առցանց հեռարձակումների միջոցով՝ հետեւելով անվտանգ հեռավորության վրա աշխատելու մասին պարետատան պահանջներին: Այս մասին հունիսի 3-ին Ազգային ժողովի նիստին «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի հեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով՝ դա արվում է, որպեսզի կորոնավիրուսի համավարակի պայմաններում ավելի հեշտ լինի ապահովել պարետատան պահանջներն արտակարգ դրության շրջանակներում: Ընդ որում, ինքը՝ Վարդանյանը, նկատեց, որ հեռավար աշխատանքի կողմնակից չէ՝  որակյալ կապի հետ կապված հաճախ առաջացող խնդիրների պատճառով, սակայն այս իրավիճակում պետք է որոշակի զոհողությունների գնալ՝ վիրուսի հետագա տարածումը կանխելու համար: