Ականջալուր լինել տարբեր հորդորներին, կարծում եմ սխալ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երբ ՀՀ–ում համավարակի առաջին դեպքն էր գրանցվել, ընդիմադիր խմբակցության պատգամավորները նշում էին, որ պետք էր անհապաղ կանխարգելիչ աշխատանքներ անել, սահմանները փակել, սակայն առողջապահույան նախարարությունն ականջալուր չեղավ։

«Պետք է վերլուծույուն իրականացնել, կանխատեսել եւ գործողություն կիրառել, այլ ոչ տարբեր մարդկանց հայտարարություններին հետեւել եւ իրականացնել գործողություններ։ Ըստ էության սահմանափակումներ մտցվեցին, մի քիչ շուտ մի քիչ ուշ, բայց մտցվեցին եւ կարծում եմ կարիք չկա խոսել, թե ինչ պետք է արվեր։ Հիմա ունենք այն ինչ ունենք, պետք է հասկանանք, թե այսօրվանից սկսած ինչ միջոցառումներ, գործողություններ են պետք, որպեսզի կարողանանք հնարավորինս բարվոք կերպով դուրս գալ»,– ասաց պատգամավորը։