Մահաբերության ցուցանիշը մեզ մոտ բարեբախտաբար ցածր է, ամբողջ աշխարհում միջին մահաբերության ցուցանիշից։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

«Մահաբերության ցուցանիշը հարաբերական է եւ հաշվարկվում է բնակչության թվաքանակով՝100 հազարի հաշվարկով, թե վարակվածների մեջ որ տոկոսն է մահացել, սա մահաբերության ցուցանիշն է եւ մեզ մոտ դա բավականին ցածր է։ Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ մահերը 2–3 շաբաթ հետ ընկած են հայտնաբերված դեպքերից։ Եթե մենք գնահատում ենք մահվան դեպքերը, ապա այսօրվա մահվան դեպքրը չպետք է համեմատել այսօրվա հայտնաբերված թվերի հետ, այլ մոտ 2–3 շաբաթ հետ գնալ եւ համեմատել այդ օրերին գրանցված դրական դեպքերի հետ»,– ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ վիրուսի պիկը հնարավոր չէ կանխատեսել, եւ որ այն կախված է իրականացվող միջոցառումներից, բնակչության զգոնության մակարդակից եւ յուրաքանչյուրի պատասխանատվությունից։