Մայիսի վերջին Բոտսվանայի Օկավանգո գետի դելտայում 54 մահացած փիղ է հայտնաբերվել: Ավելի վաղ՝ մայիսի սկզբին, եւս 12 փղի դիակ էր գտնվել, իսկ մարտ ամսվա ընթացքում մահացած 44 փղի հետ միասին կենդանիների ընդհանուր թիվը 110 է կազմել: Ըստ իշխանությունների՝ կենդանիների դիակների վրա բռնության նշաններ չկան: Թունավորման վարկածը նույնպես անհավանական է թվում, փոխանցում է Nat-geo-ն:

«Ես կասեի, որ հայտնաբերած նոր դեպքերի 90 տոկոսը հին դիակներ են, որոնք մենք նախկինում պարզապես չենք գտել: Այնուամենայնիվ, կան նաեւ բոլորովին թարմ դիակներ: Գտնված ոլոր դիակների վրա նշաններ չկան առ այն, որ որսագողերն են դա արել»,- նշել է Բոտսվանայի կառավարության վայրի բնության տարածաշրջանային տնօրեն Դիմակատսո Նթշչեբեն:

Հաղորդվում է, որ փորձագետները սիբիրախտ չեն հայտնաբերել մեռած կենդանիների մոտ (այս վտանգավոր վարակը երբեմն աֆրիկյան սավանայի հսկաների մեծ խմբերի մահվան պատճառ է դառնում): Իսկ ավելի վաղ՝ մայիսին, Նթշչեբեն հայտնել էր, որ կենդանիների թունավորման վարկածը «շատ քիչ հավանական է»: Եթե ​​դա այդպես լիներ, ապա կմահանային նաեւ որոշ լեշակերներ, որոնք սնվել են մահացած փղերով, սակայն այլ կենդանիների զանգվածային մահ չի նկատվել:

Ըստ Daily Mail-ի՝ հետաքննությանը խոչընդոտում են կորոնավիրուսի համավարակի հետ կապված տեղաշարժման սահմանափակումները: Թեստավորման համար նմուշների ուղարկումը հետաձգվել է: