Հինգշաբթի օրը՝ հունիսի 4-ին, Չեխիան եւ Սլովակիան ամբողջությամբ բացում են ազգային սահմանները, որոնք փակ էին քաղաքացիների եւ ապրանքների ազատ տեղաշարժման համար համավարակի պայմաններում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՉՏԿ-ն:

Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի եւ Սլովակիայի կառավարության ղեկավար Իգոր Մատովիչի միջեւ, ով չորեքշաբթի այցելել էր Պրահա:

Երկու հանրապետություններում համաճարակաբանական իրավիճակի բարելավումն իշխանություններին թույլ է տվել վերացնել սահմանափակումները Չեխիայի եւ Սլովակիայի տարածքներով իրենց բնակիչների տեղաշարժի մասով:

Մատովիչը, որը Սլովակիայի կառավարությունը ղեկավարում է երկու ամիս առաջ այնտեղ փետրվարի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, առաջին արտերկրյա այցը կատարել է Պրահա: Բացի Բաբիշից, նա նախատեսում է  հանդիպումներ անցկացնել Չեխիայի խորհրդարանի ղեկավարների հետ: Նրան կընդունի նաեւ Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը: Քննարկման հիմնական թեմաներն են կորոնավիրուսի դեմ պայքարը, Եվրամիության զարգացման հեռանկարները եւ երկկողմ հարաբերությունները Չեխիայի եւ Սլովակիայի միջեւ:

Մատովիչը գլխավորում է «Սովորական մարդիկ եւ անկախ անհատներ» կենտրոնամետ քաղաքական շարժումը, որը լավագույն արդյունքների հասավ փետրվարյան խորհրդարանական ընտրություններին Սլովակիայում: Նախարարների կաբինետը՝ վարչապետի գլխավորությամբ, հաստատվել էր մարտի 21-ին Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովայի կողմից, իսկ ապրիլի 30-ին ստացավ Ազգային խորհրդի (Սլովակիայի խորհրդարան) պատգամավորների աջակցությունը: