Հնդկաստանի Բանգալոր քաղաքից հեռուստահաղորդավարուհի Չանդանան ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ նրա սիրեցյալը հրաժարվել է իր հետ ամուսնանալ: Նա 29 տարեկան էր, հայտնում է Deccan Herald պարբերականը:

Մահվանից առաջ աղջիկը տեսանյութ է նկարահանել, որը մայիսի 28-ին ուղարկել է ընկերոջը, նրա եւ իր ծնողներին, ինչպես նաեւ մի քանի ընկերների, իսկ այնուհետեւ ինքնասպանություն է գործել: Հաղորդագրությունը ստանալով՝ աղջկա ծնողները կապ են հաստատել նրա հարեւանների հետ: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել նրան փրկել: Մայիսի 30-ին կեսգիշերին մոտ նա մահացել է մասնավոր կլինիկայում:

Չանդանայի հայրը դիմել է ոստիկանություն՝ դստեր սիրեցյալի դեմ բողոքով: Նրա խոսքով՝ զույգը 5 տարի հարաբերությունների մեջ էր: Պատանին խոստացել էր նրա հետ ամուսնանալ, սակայն վերջին շրջանում սկսել էր աղջկանից խուսափել եւ ամուսնանալուց հրաժարվել: Ներկա պահին ոստիկանությունը նախատեսում է միջոցներ ձեռնարկել հաղորդավարի սիրեցյալի եւ նրա ընտանիքի նկատմամբ: