Անազնիվ է գալ ու գոռալով խոսել՝ ցանկանալով ցասումը թափել այս դահլիճի վրա եւ անհասկանալի մտքեր շարադրել։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին, որ իշխանությունը փորձում է մեղքը գցել ժողովրդի վրա։

«Ինչո՞ւ է տիկին Զոհրաբյանը փոխում վարչապետի ասած խոսքերի միտքը եւ այստեղից արտահայտում այլ կոնտեքստ ունեցող միտք։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու ցանկությունն է միայն եղել ձեզ մոտ, որովհետեւ անազնիվ է այս ամբիոնից ասել մի բան, որն իրականում չի ասվել։ Ոչ ոք պատասխանատվությունից չի խուսափում, ՀՀ կառավարությունը, երբեք չի ասել, որ ինքը պատասխանատու չէ այս իրավիճակի համար, սակայն ՀՀ քաղաքացիներն էլ, երբեք չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվության այն բաժինը, որի մասին խոսեցին իմ գործընկերները, որի մասին խոսում է ՀՀ վարչապետը»,– ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ ինքը ընդիմադիր գոևծընկերներից, երբեք չի լսել, որ պետք է պարտադիր դիմակ կրել եւ պատասխանատու վարք դրսեւորել եւ այլն. «Մենք պետք է հոգատար եւ ուշադիր լինենք բոլոր քաղաքացիների նկատմամբ, ում հետ շփվում ենք, սակայն ես չեմ լսել նման բան, որեւէ մեկից։ Միայն լսել եմ այս դահլիճում դիմակ կրելու հետ կապված երկխոսություն, որ արժե՞ դիմակ կրել, չարժե« ԱՀԿ–ն ի՞նչ է ասում, Արսեն Թորոսյանն ի՞նչ է ասում, երբեք կոնստուկտիվ խոսակցություն չի եղել։ Մենք պարտավոր ենք պատասխանատու լինել մեր եւ մեզ շրջապատղ մարդկանց նկատմամբ»։