Ագային անվտանգության մասին օրինագծի պատճառով Հոնկոնգի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ հայտարարությունները միայն վախեցնելու համար են, այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լեմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սա ամբողջությամբ վախեցնելու համար է: Այսպես կոչված, «պատժամիջոցները» միանգամայն անհիմն են: Հոնկոնգի հատուկ կարգավիճակը պայմանավորված է «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքով եւ Հիմնական օրենքով, օտարերկրյա պետությունների, այսպես կոչված, «պատժամիջոցները» չեն ազդի Հոնկոնգի վրա»,- հայտարարել է Լեմը՝ այսօր ժամանելով Պեկին կենտրոնական իշխանությունների հետ ազգային անվտանգության օրինագծի քննարկման համար:

Նա հավելել է, որ «հատուկ ինքնավար շրջանի կառավարությունը լիովին աջակցում է համապատասխան օրենսդրական աշխատանքը, իսկ ազգային անվտանգությունը գլխավոր առաջնահերթությունն է»:

Լեմն ընդգծել է, որ Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրինագծի մշակումը Չինաստանի կենտրոնական կառավարության սահմանադրական պարտականությունն է եւ Հոնկոնգի մասին հոգածության դրսեւորում:

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատգամավորները մայիսի 28-ին ընդունել էին «Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում ազգային անվտանգության ապահովման իրավական համակարգի եւ իրավակիրառական մեխանիզմների ստեղծման ու կատարելագործման մասին որոշումը»: Բանաձեւը Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեին պատվիրակում է հատուկ Հոնկոնգի համար ազգային անվտանգության մասին օրինագծի մշակումը:

Ազգային անվտանգության մասին պատրաստվող օրինագիծը հարուցել էր Հոնկոնգի հակակառավարական ուժերի եւ մի շարք արեւմտյան պաշտոնյաների դժգոհությունը, որում նրանք տեսել էին ինքնավարության վերահսկողության խստացման Պեկինի ցանկությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն սպառնացել է պատժամիջոցներ կիրառել եւ հետ կանչել Հոնկոնգի հատուկ կարգավիճակը: Չինաստանը հերքել է ցանկացած քննադատություն եւ հայտարարել, որ Հոնկոնգի հարցերը բացառապես ներքին գործ են:

Օրինագծով նախատեսվում է քայքայիչ եւ անջատողական գործունեության արգելում: Այն նախատեսում է կենտրոնական կառավարության տապալմանն ուղղված հովանավորչության ցանկացած տեսակի, ինչպես նաեւ ահաբեկչության եւ դրսից միջամտության արգելք: