Իտալիան շարունակում է թուլացնել մոտ երեք ամիս շարունակվող խիստ լոքդաունը եւ բացում է իր սահմանները։ Չորեքշաբթի օրվանից, հունիսի 3-ին, երկիր թույլատրվում է ԵՄ մնացած 26 պետություններից ու եւս մի շարք երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից եւ Շվեյցարիայից մուտքը։ Ընդ որում, զբոսաշրջիկները ստիպված չեն լինի պահպանել կորոնավիրուսի հետ կապված երկշաբաթյա կարանտինը, հայտնում է DW-ն։

Բացի այդ, իտալացիներին կրկին թույլատրվում է անխոչընդոտ մեկնել այլ տարածաշրջաններ։ Կարանտինի ժամանակ գործել են շրջանների սահմաններից դուրս խիստ սահմանափակումներ։ Արտասահմանցիներին միայն կարեւոր պատճառներով է թույլատրվել ժամանել Իտալիա, մասնավորապես՝ աշխատանքի։

Մի շարք փորձագետներ տեղաշարժի սահամանփակումները հանելու նպատակահարմարության կասկածներ են հայտնել, քանի որ Իտալիայի շատ շրջաններում վարակվածության ցուցանիշները բարձր են մնում։ Պաշտոնական տվյալներով՝ SARS-CoV-2 կորոնավիրուսից առավել տուժած Լոմբարդիայում մինչ այժմ վարակման ավելի քան 20 000 դեպք է եղել։

Կորոնավիրուսով վարակման հետեւանքներից Իտալիայում փետրվարից մահացել է ավելի քան 33 500 մարդ։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից երկրում հայտնաբերվել է SARS-CoV-2 վիրուսով վարակման մոտ 233 000 դեպք։ Խիստ լոքդաունը երկրում գործել է մարտի 10-ից։

Մարտին սահմանափակումները սկսել են աստիճանաբար թուլացնել։ Այդ ժամանակվանից Իտալիայի իշխանությունները բազմիցս արտասահմանյան զբոսաշրջիկների, այդ թվում՝ գերմանացիների վերադարձի հույս են հայտնել։ Իտալիայի զբոսաշրջային ոլորտը, որին ընկնում է ՀՆԱ-ի 15 տոկոսը, ճգնաժամի արդյունքում միլիարդավոր եվրոներ է կորցրել