Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի միջև այսօր Լոռու մարզպետարանում կնքվեց թվային շարժական ռենտգեն համակարգի նվիրատվության պայմանագիր։

Մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ձեռքբերելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնությունը, համավարակի տարածմամբ պայմանավորված ստեղծված իրավիճակից ելնելով, դիմել էր «Թեղուտ» ՓԲԸ-ին՝ մարզի առողջապահական համակարգին աջակցելու խնդրանքով: Ի պատասխան՝ «Թեղուտ» ՓԲԸ բաժնետերերի որոշմամբ միաձյան կերպով Լոռու առողջապահական համակարգին օգնելու որոշում էր կայացվել:

Շնորհակալություն հայտնելով մեծ աջակցության համար՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ նվիրաբերված սարքավորումն արդեն իսկ տեղադրված է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում:

-Մինչ այժմ կորոնավիրուսի ախտանիշներով հիվանդներին ինֆեկցիոն հիվանդանոցից ստիպված էինք լինում տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն, թիվ 2 և թիվ 3 համաբուժարաններ՝ ռենտգեն իրականացնելու համար, այժմ այդ խնդիրը լուծված կլինի,-ասաց մարզի ղեկավարը:

Վլադիմիր Նալիվայկոն իր հերթին նշեց, որ չափազանց ուրախ են համավարակի դեմ պայքարի գործում իրենց մի փոքր մասնակցությունն ունենալու համար: