Այս արձանագրությունը ստորագրվել է հոկտեմբերի 11-ին Սոչիում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրամասերի, հրազենի, դրա հիմնական մասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի տեսքով ապացույցների փոխանակման եւ փոխանցման մասին» արձանագրության վավերացման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը:

Արձանագրության նպատակը համագործակցության ամրապնդումն է զենքի եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում: Եսայանը նկատեց, որ փաստաթղթի շրջանակներում կողմերը համագործակցում են նյութական ապացույցները փոխանցելու հարցում:

Նա նաեւ հայտնեց, որ Հայաստանը Արձանագրությունը վերապահումով է ստորագրել՝ կապված այն հանգամանքի հետ, որ մինչեւ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը այդ պարտավորությունները չեն առնչվելու Ադրբեջանի հարցումներին: Փոխոստիկանապետը նշեց, որ փաստաթղթով սահմանվում է զենքի եւ զինամթերքի փոխանցման մասով քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման կարգը: ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինները կարող են հարցումներ ուղարկել եւ ստանալ այդպիսի իրեղեն ապացույցների փոխանցման վերաբերյալ, կազմակերպել այդպիսի հարցումների օպերատիվ կատարումը եւ ապահովել փոխադրումը: