Կիպրոսը արագացրել է մնացած սահմանափակումների մեծ մասի վերացումը` մայիսի 4-ին կարանտինի չեղարկումից հետո կորոնավիրուսով վարակման դեպքերի անփոփոխ ցածր մակարդակի պատճառով, հայտնում է AP-ը:

Առողջապահության նախարար Կոնստանտինոս Իոանուն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ երկրում սահմանափակումների աստիճանական վերացման երրորդ փուլը կավարտվի հունիսի 24-ին, եւ ոչ թե հուլիսի 14-ին:

Դա նշանակում է, որ հունիսի 9-ից առեւտրի կենտրոնները, օդանավակայանները եւ հյուրանոցների, բարերի, ռեստորանների, թատրոնների եւ կինոթատրոնների բացօթյա տարածքներում կվերսկսվեն աշխատանքները: Սպորտային միջոցառումներն՝ առանց հանդիսատեսի, մանկապարտեզները, խաղահրապարակները, ամառային դպրոցները նույնպես կվերաբացվեն այդ օրը:

Հանրային հանդիպումների 10 հոգու սահմանափակումն ուժի մեջ կլինի առնվազն մինչեւ հունիսի 24-ը:

Ակնկալվում է, որ կինոթատրոններն ու թատրոնները կբացվեն օգոստոսի սկզբին, իսկ երաժշտական համերգները, փառատոները, հարսանիքները եւ մկրտությունները, ինչպես նաեւ ավարտական արարողությունները կթույլատրվեն սեպտեմբերի 1-ից:

Այսօրվա դրությամբ Կիպրոսում գրանցվել է COVID-19-ի 952 եւ մահվան 17 դեպք: