ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչը հայտարարել է, որ հետազոտում է իրավիճակն Ավստրիայում, Բրազիլիայում, Չեխիայի Հանրապետությունում, Եվրոպական միությունում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Իտալիայում, Իսպանիայում, Թուրքիայում եւ Մեծ Բրիտանիայում, որոնք սահմանել են, կամ ծրագրում են սահմանել նոր հարկեր թվային հսկաների նկատմամբ։ Այս թեման արդեն տարաձայնություններ է հրահրել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ, որն, ի վերջո, կարող է հանգեցնել այդ երկրների համար առեւտրային սակագների աճի։

Ֆրանսիան առաջին խոշոր տնտեսությունն է եղել, որն օրենսդրորեն հարկ է սահմանել թվային ծառայությունների վրա։ Բայց ֆրանսիական արտահանողների վրա լրացուցիչ տուրքեր սահմանելու ԱՄՆ սպառնալիքներից հետո Փարիզը որոշել է հետաձգել վերոհիշյալ հարկի կիրառումը մինչեւ 2021 թվականը։

Ներկայումս Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունն (ՏՀԶԿ) աշխատում է մի ծրագրի վրա, որը թվային ընկերությունների հարկման հարցում կմիավորի ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ մյուս երկրները։

ՏՀԶԿ-ն այդ ծրագիրը պետք է ներկայացնի 2020-ի վերջին։ Ֆրանսիան հայտարարել է, որ միջազգային բանակցությունների տապալման դեպքում, միեւնույն է, ընկերությունները պետք է հարկ վճարեն։

Տարվա սկզբին ԱՄՆ-ը հասկացրել էր, որ կպաշտպանի թվային հարկի որոշ դրույթներ, եթե ամերիկյան ընկերությունների համար սխեման լինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր։ Այս գաղափարը քննադատվել է ֆրանսիական պաշտոնյաների կողմից, քանի որ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները աշխարհում խոշորագույնն են։