Դավիթ Տոնոյանը իր պաշտոնավարման, այդ թվում պաշտպանության փոխնախարարի պաշտոնում, ընթացքում որեւէ անօրինական, ոչ իրավաչափ գործողության մասնակից չի եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Հարցին, թե նախորդ կառավարությունները մաս կազմե՞լ են անպետք զենքի ձեռք բերմանը, պաշտպանության փոխնախարարը պատասխանեց. «Զինված ուժերի սպառազինությունը, ռազմական տեխնիկան ձեռք են բերվում համաձայն ԶՈՒ զարգացման պլանի եւ մի շարք ծրագրերի: Դա խորը պլանավորվող գործընթաց է: Ես չեմ կարող հայտարարություն անել, որ դա անթերի գործընթաց է: Հնարավոր է՝ եղել են ձեռքբերումներ, որոնք տեխնիկապես բարեփոխելու, վերափոխելու հնարավորություն ունեն: Սա նորմալ եմ համարում ամբողջովին: Այստեղ խնդիրը այդ ամենի իրավաչափության մեջ է: Ամեն ինչ կատարվել է իրավաչափորեն:

Եթե եղել են իրավախախտումներ, ապա ես հավատում եմ, որ այն քրգործերը, որոնք քննվում են, հենց պետք է պարզվի, թե արդյոք այն ձեռքբերումները, որոնք ենթադրյալ հանցագործության կատարման արդյունքում է ձեռք բերվել, պետությանը, ԶՈՒ-ին վնաս է պատճառվել, կան կալանավորվածներ, քննությունը գնում է: Կարծում եմ այդ հարցին ավելի հստակ կարող են պատասխանել նախաքննություն իրականացնող մարմինները: Մենք ունենք բազմաթիվ քրգործեր, որտեղ կասկածներ կան այդ հարցերի հետ կապված, բայց քանի դեռ չունենք մեղադրական դատավճիռներ, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանել՝ արդյոք դա իրավաչափ էր, թե ոչ»,-ասաց նա: