Երկրում ստեղծված այս իրավիճակում պետք է լինել հակաճգնաժամային մենեջեր, ինչի ընդունակությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի եւ ստիպված դիմում է այն միջոցներին, որին դիմում էին հեղափոխության օրերին։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Տեսնում եք, թե վարչապետն ինչպես է աշխատում։ Դա ցույց է տալիս, որ իշխանությունը խուճապի մեջ է։ Վարչապետը շարունակում է բոլոր բնագավառներում պայքարել հեղափոխական իր մեթոդներով, որով հաղթեց 2018 թվականին եւ ընտրվեց վարչապետ, սակայն իշխանություն ստանալուց հետո երկրի պետական-կառավարումը, հակաճգնաժամային կառավարումը չի ընդունում որեւէ նման մեթոդ։ Այս դեպքում պետք է լինել հակաճգնաժամային մենեջեր, ինչի ընդունակությունները մեր վարչապետը չունի եւ ստիպված դիմում է այն միջոցներին, որին դիմում էին հեղափոխության օրերին։ Դա այլեւս չի աշխատելու, որովհետեւ այդ մեթոդները պետական-կառավարման մեջ չեն աշխատում»։

Անդրադառնալով այն հարցին, որ Վրաստանը Հայաստանի զբոսաշրջիկների համար իր սահմանը չի բացում, Սամսոնյանն ասաց՝ դա նշանակում է, որ Վրաստանը կարողացավ համավարակով պայմանավորված երկրում առկա իրավիճակը հաղթահարել, իսկ Հայաստանը՝ ոչ. «Մենք չկարողացանք հաղթահարել, որովհետեւ իշխանությունը չուներ բավարար կոմպոնենտություն, չունեցավ բավարար կազմակերպվածություն։ Հիմա էլ ունենք ձախողված պայքար՝ համավարակի դեմ։ Այստեղ Վրաստանին մեղադրելու որեւէ բան չկա, սա շատ կշռադատված մոտեցում է Վրաստանի կողմից, եթե այլ արտաքին հարաբերությունների խնդիրներ չկան»։

ՀՀ-ում գրանցված բոլոր ավիաընկերությունների ԵՄ-ը թռիչքը արգելելու մասին՝ Անի Սամսոնյանն ասաց, որ այդ տեղեկությունն արդեն կանխատեսելի էր. «Քանի որ դեռեւս ամիսներ առաջ լուրեր տարածվեց, որ Քաղավիացիայի կոմիտեի հետ կան խնդիրներ։ Այդ ընթացքում, փաստորեն, այդ խնդիրները խորացել են եւ Քաղավիացիային տրվել են ինչ-որ ցուցումներ, որոնք չի կատարվել։ Կարծում եմ, որ սրա համար պիտի լինեն պատասխանատուներ։ Պետք է սրա համաեւ պատասխանատվություն կրի թե Կառավարությունը, թե Քաղավիացիայի կոմիտեի նախագահը։

Մենք անընդհատ խոսում ենք ազգային ավիաընկերություն ունենալու մասին եւ մշտապես շեշտադրվում էր, որ դա մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետեւ ցանկացած իրավիճակում մենք դրա անհրաժեշտությունը զգալու ենք։ Եվ այս խոսակցությունների ֆոնին էլ ստանալ մի լուր, որ առհասարակ Հայաստանում հավասագրված ավիաընկերություններն էլ չեն կարող թռչել դեպի Եվրոպա, դա մեծագույն ձախողում է»։

Հարցին՝ արդյոք նշվո՞ւմ է, թե երբ Հայաստանը կկարողանա դուրս գալ «սեւ ցուցակից», պատգամավորն ասաց, որ փաստաթղթին դեռ մանրամասնորեն ծանոթ չի. «Մինչեւ այսօր չի հնչել Քաղավիացիայի կոմիտեի կողմից որեւէ հոդաբաշխ բացատրություն, ոչ թե մանիպուլյատիվ, այլ պարզ, անկեղծ բացատրություն, թե ինչ է կատարվում, թե ինչ ժամկետներ են մեզ տրվել, ինչ ցուցմումներ են տրվել եւ ինչու մենք դա չենք արել կամ կարո՞ղ ենք այլեւս անել, որպեսզի կարողանանք նորից մուտք ստանալ դեպի Եվրոպա»։

Լրագրողի դիտարկմանը, որ խնդրի վերաբերյալ արվում են տարբեր հայտարարություններ՝ Քաղավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն է մեղավոր, կամ՝ նախկին իշխանությունների մեղավորություն է, պատգամավորն ասաց. «Նախկին իշխանությունը թողել է շատ խնդիրներ, բայց հեղափոխությունից անցել է 2 տարի։ Այս իշխանությունը որ եկել ու ասում է՝ մենք պիտի փոխենք, այս իշխանությունն արդեն պիտի սկիզբ դներ այդ աշխատանքներին։ Ոլորտը 2 տարի ունեցել է պատասխանատու եւ այդ պատասխանատուն այսօր մեզ պիտի ասի՝ ինչու է այսպես կատարվել։ Եվ նա պիտի հեռանա, որովհետեւ նա ձախողել է ոլորտում որոշակի անվտանգության լուծումների ոլորտը»։