ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է բացատրել անցած հանգստյան օրերին ցույցերի ժամանակ իր ներկայությունը Սպիտակ տան ստորգետնյա բունկերում՝ հայտարարելով, որ ընդամենը «ստուգել է» բունկերը։

Ավելի վաղ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփին շտապ բունկեր են ուղարկել մեկ ժամով՝ կապված ցույցերի հետ։ Նրանց խոսքերով՝ առաջին տիկին Մելանյա Թրամփը եւ նրանց որդի Բարոնը նույնպես տեղափոխվել են այնտեղ։

Fox News Radio-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ ցերեկն է եղել բունկերում, այլ ոչ թե ցույցերի ժամանակ։ «Ես այնտեղ երկար չեմ եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ դա ավելի շատ ստուգելու համար էր»։

Նրա խոսքերով՝ ինքն ավելի վաղ է այցելել բունկեր, այնտեղ «երկուսուկես անգամ է եղել», որպեսզի տարածություն զգա, ոչ թե իրեն պաշտպանի։

Թրամփը նաեւ հավաստիացրել է, որ ցուցարարներին ցրելու հրահանգ չի տվել Սուրբ Հովհաններս եկեղեցի գնալուց առաջ, որը մասամբ այրվել էր, եւ որտեղ նա Աստվածաշունչը ձեռքին ֆոտոշարք էր արել։ «Նրանք (ոստիկանները) արցունքաբեր գազ չեն օգտագործել»,- Fox News Radio-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ հերքելով տեղի ԶԼՄ-ների այն հաղորդագրությունները, թե արցունքաբեր գազ է կիրառվել։ «Ես չեմ ասել․ «Հեռացրեք նրանց»։ Ես չգիտեի, թե ովքեր են այնտեղ», հավելել է Թրամփը։