Այսօր Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայող է մահացել։ Սարգիս Մասիսի Ղուլյանը 19 տարեկան էր, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման տեմպերն ահագնանում են։ Անցնող 24 ժամում  515 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասել է 10 524-ի: Այս պահին բուժվում է 6841 անձ, ապաքինվել է 3454-ը, վերջին մեկ օրում ընդամենը 27-ը հոգի: Մահացածների թիվը հասել է 170-ի։

Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացած 12 մարդկանցից  ամենաերիտասարդը 46-ամյա կին է, ամենատարեցը՝ 86-ամյա տղամարդ։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: 3 մարդ ունեցել է կորոնավիրուս, բայց մահացել է այլ հիվանդությունից։

Այս ամեն ինչին հետեւելով, մասշտաբը հասկանալով,  գալիս եմ եզրակացության, որ աշխարհում չկա որեւէ ուժային կառույց կամ վարչական համակարգ, որ այս մաշտաբի հարց կարողանա լուծել․ այսօրվա երկրորդ ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով   մարդկանց կուտակումների խնդրին:

Իսկ առավոտվա ուղիղ եթերում Փաշինյանը հայտարարել էր, թե մենք պետք է հասկանանք, որ սա առողջապահական խնդիր չէ, որովհետեւ առողջապահությունն ինչ կարողանում է, անում է, դեռ մի բան էլ ավելի. սա կարգուկանոնի խնդիր է:

Փաշինյանի խոսքով՝ լուրջ խնդիր են բանկերի եւ հայփոստի բաժանմունքների մոտ կուտակումները:

Այդ կուտակումների թեմայով երկրի վարչապետն իր ֆեյսբուքյան էջում երեկվանից ֆլեշմոբ է իրականացնում։ Նա խնդրել էր, որպես հանրային վերահսկողություն,   հակահամաճարակային կանոնների  խախտումների մասին լուսանկարներ եւ տեսանյութեր ուղարկել իրեն։ Այդպես նրա էջում հայտնվեցին հունվարի սկզբին կազմակերպված մանկական խնջույք, 2016-ին տեղի ունեցած միջոցառում եւ այլն։ Դրանքպախարակող գրառումներից հետո Փաշինջյանն իր էջից հեռացրել էր այդ նյութերը։ 

Սոցհարթակի իր էջում էլ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել էր, որ ունենք Կավասակիի սինդրոմի դեպք 4 տարեկան երեխայի մոտ, որն ունեցել է անախտանիշ կորոնավիրուս: Այդ սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ:

«Մեյմանդարի» շուկայում երեկ բորբոքված կրքերը գիշերն էլ չեն հանդարտվել։ ն փակված է։ Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն,  երեք տասնյակ մարդ բերման է ենթարկվել, կան ձերբակալվածներ: Հիշեցնենք, որ գյուղացիները դեմ էին շուկան ախտահանման նպատակով 24 ժամով փակելու պարետի որոշմանը:

Ոստիկանների այցի ժամանակ շուկայում գյուղմթերի առուվաճառքով զբաղվողները հրաժարվել են կատարել Պարետի որոշումը և շուկայի մուտքերից մեկի մոտ կայանած մեքենան գլխիվայր շրջել են։ Իրավապահները  հայտնաբերել և բերման են ենթարկել միջադեպին մասնակցած անձանց եւ  ձերբակալել։ Հիմա էլ որոնում են մյուս մասնակիցներին։

Մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում,  Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացումից հետո հայտարարել է քաղաքական ուժի ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վարչապետը պետք է հրաժարական տա,  որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է, որն օրեցօր ավելի ծանր հետևանքների է բերելու», ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ու Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը։  1999-ին ԱԺ պատգամավոր է դարձել Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի գլխավորած «Միասնություն» դաշինքի նախընտրական ցուցակով։ Արմեն Խաչատրյանը 63 տարեկան էր։

«Սասնա ծռերի» գործով դատական նիստին սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրին ամբաստանյալներից հետաքրքրվել է՝  արդյոք իրենք իրենց մեջ չեն խոսել՝ ո՞վ կրակեց։ Այս 9 անձը մեկը մեկի վրա գցելով կամ մեկին պաշտպանելով՝ ամբողջն իրար են խառնում, իրենց համար ոստիկանի թափած արյունը մի կոպեկի նշանակություն չուներ։ Պետության կողմից մեծ լավություն է, որ դուք այստեղ կենդանի նստած եք, ասել է սպանված ոստիկանի կինը։

Երեւանի նախկին քաղաքապետ,  տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Յուրի Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։  Ոստիկանությունից հայտնել են, որ Յուրի Բեգլարյանը մեղադրվում է  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով։

Առնվազն 11 մարդ է զոհվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ ԱՄՆ-ում բռնկված բողոքի ցույցերի եւ անկարգությունների ընթացքում։  Ասոշիեկթիդ պրեսս գործակալության գնահատականով՝ վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ում բողոքի ցույցերի եւ անկարգությունների ընթացքում մոտ 4 հազար 400 մարդ է  ձերբակալվել: Նրանց, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել թալանի, պարետային ժամի խախտման, ճանապարհները փակելու համար:

Սոթբիս աճուրդի տան կազմակերպած ռուսական գեղանկարչական գործերի առցանց աճուրդում հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նեապոլիտանական ծոց» նկարը դարձել է թոփ լոտը: Կտավը վաճառվել է նախնական գնահատումից մի քանի անգամ բարձր՝  2,9 մլն դոլարով։  Այվազովսկու «Լուսնյակ գիշերով անցնող նավը» նկարը նույնպես իրացվել է գնահատման արժեքի զգալի գերազանցմամբ: Այն վաճառվել է 548 հազար դոլարով:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.11 դրամով ու կազմել  482.38 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.61 դրամով ու հասել  540.89 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.88 դրամով ու հասել  607.22 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.97 դրամով ու կազմել 7.05 դրամ։

Հունիսի 4-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն սպավում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +31+33: