Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցը վերադարձնել COVID-19-ի դեմ դեղամիջոցների փորձարկումներ, ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հիմնվելով մահացության մասին տվյալների վրա՝ հանձնաժողովի անդամները հանդես են եկել առաջարկությամբ, որ փորձարկումների ընթացքը փոխելու պատճառ չկա: Գործադիր խումբը ստացել է այս առաջարկությունները եւ հավանություն տվել բոլոր տեսակի դեղամիջոցները, ներառյալ՝ հիդրոքսիքլորոխինը, փորձարկումներում կիրառելու շարունակմանը»,- ասել է նա:

ԱՀԿ-ում, միաժամանակ, ընդգծում են, որ դեղամիջոցի վերադարձը համերաշխության փորձարկումների ծրագիր որեւէ կերպ չի վկայում դրա արդյունավետության մասին: Ներկայում COVID-19-ի արդյունավետ բուժում չկա:

Ավելի վաղ ԱՀԿ-ն որոշել էր ժամանակավորապես դադարեցնել COVID-19-ի դեմ հիդրոքսիքլորոխինի փորձարկումները` կապված այս դեղամիջոցն ընդունած հիվանդների շրջանում մահացության աճի հետ: