Snap Inc-ը հայտարարել է, որ այլեւս չի նպաստի Snapchat-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաշվի տարածմանը Discover-ի միջոցով՝ նշելով, որ անցյալ շաբաթ նրա սադրիչ մեկնաբանությունները հաշիվը ոչ պիտանի են դարձրել բաժնի համար։

«Մենք չենք ամրապնդի ռասայական բռնություն եւ անարդարություն հրահրող ձայները` նրանց համար անվճար առաջխաղացում ապահովելով Discover բաժնում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: «Ռասայական բռնությունն ու անարդարությունը տեղ չունեն մեր հասարակության մեջ, եւ մենք բոլորի հետ ենք, ովքեր ձգտում են խաղաղության, սիրո, հավասարության եւ արդարության Ամերիկայում»:

Հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերն ընկել են 2,4% ով:

Snap-ի խոսքերով՝ Snapchat-ում Թրամփի հաշիվը, որը բաղկացած է հիմնականում քարոզարշավի բովանդակությունից եւ չի պարունակում ոչ պաշտոնական հռետորաբանություն, որը նա պարբերաբար օգտագործում է իր սիրելի Twitter-ի հարթակում, հասանելի կմնա օգտատերերին:

Անցյալ շաբաթ Twitter-ը նշել էր Թրամփի մի քանի թվիթներ, որոնք խախտում էին ապատեղեկատվության եւ բռնության փառաբանման մասին հարթակի կանոնները:

Facebook-ը հրաժարվել է որեւէ գործողություն նախաձեռնել նույն հաղորդագրությունների հանդեպ, ինչն ընկերության աշխատակիցների բողոքն է առաջացրել: