Ռուսաստանցի գարեջուր եւ ածիկ արտադրողները հնարավոր են համարում, որ ընթացիկ խմբագրմամբ ալկոհոլի անվտանգության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելը կարող է հանգեցնել ԵՏՄ երկրներում արտադրվող գարեջրի որակի նվազման, նշված է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին հղած շուկայի մասնակիցների նամակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուղերձի հեղինակները կարծում են, որ գործող խմբագրմամբ տեխկանոնակարգի ուժի մեջ մտնելը «կհանգեցնի ԵՏՄ անդամ երկրներում արտադրվող գարեջրի որակի եւ անվտանգության կտրուկ նվազման, չի համապատասխանում Ռուսաստանի Դաշնության տնտեսական շահերին եւ բացասական ազդեցություն կունենա ռուսական գարեջրագործական, ածիկագործական եւ գյուղատնտեսական ճյուղերի զարգացման վրա»:

Կոլեկտիվ նամակը, մասնավորապես, ստորագրել են Գարեջրի եւ ըմպելիքների արտադրողների ազգային միության վարչության նախագահ Ելենա Ցվետկովան, Գարեջրի վաճառքի անդամների միության նախագահ Նիկոլայ Ժելագինը եւ միավորումների ու բիզնեսի մի շարք այլ ներկայացուցիչներ:

Նամակի հեղինակների կարծիքով՝ գարեջուր արտադրելիս ածիկի բաժնի փոփոխությունը կհանգեցնի ածիկի արտադրության ծավալների 30 տոկոսով նվազման, ինչին կհետեւի գարեջրագործական գարիի ցանքսերի մակերեսների 230 հազար հեկտարով կրճատման, ինչպես նաեւ գյուղատնտեսության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման մեջ զբաղվածության նվազման:

«Ռուսաստանցի գարեջրագործները, որոնք օգտագործում են գարեջրագործական ավանդական տեխնոլոգիաներ եւ մինչեւ 100 տոկոսով ածիկ, հայտնվում են մրցակցային անհավասար պայմաններում եւ շուկայից դուրս են մղվում»,- հավելված է ուղերձում: Դրանից բացի, փոփոխությունների պատճառով հնարավոր բացասական հետեւանքների թվում նշվում է Ռուսաստանում ներմուծման փոխարինման գործընթացին հասցվող վնասը, ինչպես նաեւ բոլոր մակարդակներում բյուջե վճարվող հարկային մուտքերի նվազումը:

Ալկոհոլային արտադրանքի ԵՏՄ տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 9-ից: Դրա համաձայն՝ գարեջուր արտադրելիս թույլ կտրվի  գարեջրագործական ածիկի մասնակի փոխարինում հացահատիկով կամ դրա վերամշակման արտադրանքով, եթե դրանց ընդհանուր զանգվածը չի գերազանցում փոխարինվող ածիկի զանգվածի 50 տոկոսը, իսկ շաքար պարունակող մթերքների զանգվածը կազմում է ածիկի, հացահատիկի եւ դրա արտադրանքների զանգվածի 5 տոկոսից ոչ ավելին:

Սակայն ալկոհոլի արտադրության եւ շրջանառության ռուսական օրենքում ամրագրված է, որ գարեջուր թողարկելիս թույլ է տրվում գարջրագործական ածիկի մինչեւ 20 տոկոսով փոխարինում ոչ ածիկային արտադրանքներով: