ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարություններին համոզել օդային տարածքը բացել Կատարի ավիացիայի համար: Այս մասին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների եւ Պարսից ծոցի երկրների պաշտոնատար անձանց շրջանակից աղբյուրներին:

Նրանց տեղեկություններով՝ տարածաշրջանում արդեն չորրորդ տարին ընթացող դիվանագիտական ճգնաժամը ԱՄՆ-ին խանգարում է Իրանի վրա լիարժեք պատժամիջոցային ճնշում գործադրել: Հարեւան արաբական երկրների օդային տարածք Կատարի ավիացիայի մուտքի արգելքը այս պետությանը ստիպում է օգտվել Իրանի օդային տարածքից: Սա Թեհրանի ֆինանսների համալրման աղբյուր է, որը Վաշինգտոնը ցանկանում է փակել, պարզաբանում է պարբերականը: «Qatar Airways-ի թռիչքների հաշվին Իրանի գանձարան փողի հոսքը մեզ մշտապես զայրացնող փաստ է»,- հայտարարել է ամերիկյան աղբյուրը:

Հրապարակման համաձայն՝ Թրամփը ստանձնել է բանակցություններում միջնորդի դերը եւ այս թեման անձամբ է բարձրացրել այս գարնանը Սաուդյան Արաբիայի թագավոր Մուհամմեդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ հեռախոսային զրույցի ժամանակ: Էր Ռիադն առայժմ չի զիջում: «Կատարը միայն մեկ բան է ուզում՝ օդային տարածքի բացում, որ նորից թռչի: Եթե սաուդյան կողմը զիջի, ապա Կատարին այլեւս ոչինչ պետք չի լինի: Սա սաուդյան կողմի ճնշման միակ լծակն է»,- ասել է մեկ այլ աղբյուր:

2017 թվականի ամռանը տարածաշրջանում բռնկվել էր դիվանագիտական ճգնաժամ: Այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպխտոսը հայտարարել էին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ, էմիրությունը հայտնվել էր մեկուսացման մեջ: Արաբ հարեւանները Կատարի դեմ տնտեսական պատժամիջոցներ էին սահմանել եւ տրանսպորտային շրջափակում՝ մասնավորապես կատարյան ավիացիայի համար փակելով օդային տարածքը: «Քառյակը» Դոհային առաջադրել էր պահանջների ցանկ, որը ներառում էր այնպիսի կետեր, ինչպես Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցումը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը եւ Կատարում թուրքական ռազմական բազայի հանումը: Կատարն այս պահանջները համարել էր հիմնազուրկ եւ անիրագործելի: